Հաշվի առնելով օրենսդիրների քննադատական դիրքորոշումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզը ինքնաբացարկ է հայտնել և չի մասնակցի ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության հարցով իր ղեկավարած գերատեսչության հետաքննությանը:
Դեմոկրատական և հանրապետական օրենսդիրներին զայրացրել է այն հանգամանքը, որ Սեշընզը դեռ նախընտրական ժամանակաշրջանում երկու անգամ հանդիպել է Ամերիկայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակին, սակայն Սենատում նախարար հաստատվելու լսումների ընթացքում այդ մասին չի ասել:
«Ես որոշել եմ ինքնաբացարկով չմասնակցել այժմ ընթացող կամ ապագայում հնարավոր որևէ հետաքննության, որ կառնչվի Միացյալ Նահանգների նախագահի ընտրարշավին», - երեկ ասել է Սեշընզը:
Նախարարի այդ հայտարարությունից ժամեր անց նախագահ Դոնալդ Թրամփը Սեշընզի հրաժարականի կամ ինքնաբացարկի մասին օրենսդիրների կոչերն անվանել է «վհուկաորս»:
Թրամփի խոսքով՝ Սեշընզը ազնիվ մարդ է, գուցե փոքր-ինչ ոչ-հստակ է պատասխանել լսումների ընթացքում, սակայն դրանում որևէ միտում չի եղել: «Դեմոկրատականները չափն անցնում են», - ասել է Թրամփը:
Սեշընզից հրաժարական են պահանջում նախևառաջ դեմոկրատականները, բայց կոչին են միացել նաև բավական թվով հանրապետականներ:
Արդարադատության նախարարը Ռուսաստանի դեսպանի հետ իր հանդիպման շուրջ քննարկումները անօրինական է համարում:
«Կարծում եմ, այդ ամենը չափազանցված է և անարդար», - ասել է Սեշընզը:
Նրան անհանգստացնում է այն, ինչ այս օրերին տեղի է ունենում մայրաքաղաքում․ - «Վաշինգտոնում բավական շատ արտահոսք է, դա մտահոգություն է պատճառում, այդ ամենը կարող է հակասել օրենքին, դա շատ անառողջ միտում է»:
Նախարարի ինքնաբացարկի որոշումից հետո այդ խնդրով Արդարադատության նախարարությունում զբաղվելու է փոխնախարար Դանա Բոնտեն:
Ներկայացուցիչների տան դեմոկրատականների ղեկավար Նենսի Փելոսին ասել է, թե միայն ինքնաբացարկը բավական չէ, նախարարը պարտավոր է հրաժարական տալ, քանի որ փոխել է լսումների ընթացքում տված և պաշտոնում հաստատվելու երդմամբ վավերացրած տեղեկությունը:
Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերի հանձնաժողովում ավագ դեմոկրատական Ադամ Շիֆն էլ ասել է, որ Սեշընզը պետք է հրաժարական ներկայացնի, քանի որ ակնհայտորեն մոլորության մեջ է գցել սենատորներին:
Այդ թեմային է անդրադարձել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ինչո՞ւմ են մեղադրում դեսպան Կիսլյակին և նրա զրուցակիցներին: Ըստ էության, մեղադրում են Օբամայի վարչակարգին ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ հանդիպելու համար: Մենք մեյմունություն չենք անի, բայց եթե մենք նույն սկզբունքը կիրառեինք Ռուսաստանում Ամերիկայի դեսպան Ջոն Թեֆթի հանդիպումների վերաբերյալ, ապա, հավատացեք ինձ, շատ զվարճալի պատկեր կստացվեր», - ասել է Լավրովը:
Երեկ երեկոյան նաև ուշագրավ լուր է ստացվել Վաշինգտոնից այն մասին, որ անցյալ տարի Ռուսաստանի դեսպան Կիսլյակի հետ հանդիպել են ոչ միայն արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզը և հրաժարական ներկայացրած ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինը, այլև Սպիտակ տան ավագ խորհրդական, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները:
Բացի այդ, Կիսլյակին անցած ամռանը հանդիպել է Թրամփի նախընտրական թիմի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Քարթեր Փեյջը:
Թրամփի օգնականները պնդում են, որ այդ բոլոր հանդիպումները գաղտնի չեն եղել և տեղի են ունեցել հանրային մարդաշատ հավաքների ընթացքում: