Մատչելիության հղումներ

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը փորձում է պարզել քաղաքական ուժերի դիրքորոշումները


60-ից ավելի հասարակական կազմակերպություններ ընդգրկող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը համապետական ընտրություններից առաջ քաղաքական ուժերին 64 հարցից բաղկացած հարցաշար է ուղարկել՝ մարդու իրավունքների, դատական համակարգի անկախության, քաղբանտարկյալների առկայության, սոցիալ - տնտեսական վիճակի, Մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Քաղաքական ուժերի պատասխանները նախաձեռնության հեղինակները կհրապարակեն առաջիկայում, իսկ այսօր Գյումրիում հանդիպում-քննարկում էին կազմակերպել՝ ճշտելու նաև քաղաքական ուժերի տեղի կառույցների դիրքորոշումը ընտրական գործընթացի վերաբերյալ:

Ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից ու դաշինքներից 3-ի ներկայացուցիչներն էին մասնակցում քննարկմանը:

Բանախոսներից Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով մինչ օրս Հայաստանում ոչ թե ընտրություններ են անցկացվել, այլ պարզապես քվեարկություն:

«Ընտրություն կատարում են քաղաքացիները, իսկ միայն քվեարկություն՝ հպատակները», - նշեց Իշխանյանը, - «Արդյո՞ք մենք չպիտի փորձենք այդ վիճակից դուրս գալ, որովհետև Հայաստանում 90-ական թվականներից ընտրությունները տարբեր մակարդակի կեղծելով՝ փորձում են մեզ դարձնել ուղղակի քվեարկող, ոչ թե ընտրող»:

Ընտրակաշառքի, ընտրությունների արդյունքների վրա դրա ազդեցության մասին թերևս ամենաշատն է խոսվում այս օրերին: Ընտրողների մի մասը, ինչպես ցույց են տալիս հարցումները, ընտրակաշառքի է սպասում: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ պետք է մեխանիզմներ մշակել՝ ընտրակաշառքի ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա զրոյացնելու համար․ - «Եթե ընտրակաշառք բաժանողը տեսնում է, որ ինչ էլ տա, ինչքան էլ տա՝ չի աշխատում, պիտի ասի՝ լավ, չեմ տալիս: Տա՛ Աստված՝ գտնենք այդ լուծումները»:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ևս խոսեցին ընտրակաշառքի մասին: Ավելին՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի տարածքային ցուցակում ընդգրկված Հովհաննես Ասոյանն ընդգծեց, որ ընտրողը ընտրակաշառքի հարցում հմտացել է՝ վերցնում են բոլոր բաժանողներից ու քվեարկում ինչպես ուզում են: Կաշառք վերցրած ընտրողներին վախեցնելու ժամանակներն էլ անցած է համարում: - «Մենք լիահույս ենք, որ ընտրակաշառքը իր դերը, ինչ ակնկալում են, չի խաղալու», - նշեց նա:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ժաննա Ժամակոչյանն էլ հավելեց՝ իրենցից խորհուրդ են հարցնում՝ ընտրակաշառք ումից վերցնեն:

Քանի դեռ կա պահանջարկ, կլինի նաև ընտրակաշառքի առաջարկ՝ այս կարծիքին է «Հայկական վերածնունդի» ներկայացուցիչ Համլետ Սարուխանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG