Մատչելիության հղումներ

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն օրեր առաջ Բաքվում այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արսեն Բաղդասարյանին։

Ըստ ադրբեջանական APA գործակալության, ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով Բաղդասարյանն ու նրա ընտանիքի անդամներն ընտանեկան բնույթի տեղեկատվություն են փոխանակել։

Արսեն Բաղդասարյանը, հիշեցնենք, գերության մեջ է 2014 թվականի դեկտեմբերից։ 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով հանցավոր կազմակերպությանն անդամակցելու, սպանության փորձ կատարելու, պայթյուն կամ հրդեհ իրականացնելու մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե նա դիվերսանտ է և գերեվարվել է Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է այդ պնդումները, հայտնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG