Մատչելիության հղումներ

Տեխնոլոգիական ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում. ՀՀ նախագահ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը նշել է, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության կողմից հետազոտությունների և մշակումների (R&D) կենտրոնի հիմնումը Հայաստանում աջակցության կարժանանա նաև Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների, այդ թվում՝ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կողմից: Նախագահի խոսքով՝ այն նաև դրական կընկալվի հասարակության կողմից, քանի որ հայ ժողովուրդը մշտապես ուշադիր է եղել նորարարությունների նկատմամբ՝ փորձելով առաջավոր միտքը բերել Հայաստան և տեղայնացնել:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այժմ ավելի, քան երբևէ հետազոտությունները և մշակումները, ինչպես նաև գիտությունն ու տեխնոլոգիաները որոշիչ դեր ունեն Հայաստանի առաջընթացի ու զարգացման համար, և տեխնոլոգիական ոլորտի զարգացումը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում:

Սերժ Սարգսյանն ասել է, որ կառավարությունն ունի տեխնոլոգիական ոլորտի վերազգային կազմակերպությունների հետ համագործակցության մեծ փորձ՝ «Մայքրոսոֆթ»-ից մինչև «Նեյշնլ Ինսթրումենթս» Հայաստանում ունեն կենտրոններ, որոնք հաջողությամբ գործունեություն են ծավալում:

«Ուրախ եմ, որ Հայաստանում ևս տեխնոլոգիաների և մարդկանց զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում: Խրախուսելով մարդկանց տաղանդների դրսևորումը և տեխնոլոգիաների զարգացումը՝ դուք հնարավորություն եք ստեղծում ձեր երկրի զարգացման և այդպիսով՝ հետագայում աշխարհի առաջադեմ երկրների շարքում ընդգրկվելու համար: Շատ ուրախ ենք այդ մոտեցման և համագործակցության պատրաստակամության համար», - ասել է Դրագո Ազինովիչը և ընդգծել, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերությունը հետևողական կլինի կառավարության հետ այսօր ստորագրված փոխըմբռնման շրջանակային հուշագրով ստանձնած հանձնառության իրականացման գործում:

Նշենք, որ ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման շրջանակային հուշագիր:

Այն ստորագրել են Հայաստանի տնտեսական և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG