Մատչելիության հղումներ

Արթուր Սարգսյանը հրաժարվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց. ՔԿՀ


Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի բաժինը տեղեկացնում է, որ որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանը երեկ երեկոյան հրաժարվել է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց։

«Սպառելով Սարգսյանին բուժօգնություն տրամադրելու հնարավորություն ունենալու բոլոր եղանակները՝ երեկ ժամը 19:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հրավիրվել է շտապբուժօգնության խումբ՝ վերջինիս քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և նրա առողջական վիճակի մասին հավելյալ տեղեկատվություն ունենալու, ապա անհրաժեշտության և հնարավորության դեպքում նաև պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու նկատառումով», - նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Քրեակատարողական վարչության մամուլի բաժինը նաև հայտնում է, որ արդեն 21 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Սարգսյանը հրաժարվել է դադարեցնել հացադուլը՝ չանսալով ո՛չ իր փաստաբանների, ո՛չ էլ քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հորդորներին։ Սարգսյանը նաև հրաժարվել է բուժօգնությունից։

Նշենք, որ Արթուր Սարգսյանը մի շարք լուրջ հիվանդություններով է տառապում։ Փաստաբանների պնդմամբ, նրան անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Փաստաբանները նաև նշում են, որ Արթուր Սարգսյանի մոտ փետրվարի 15-ից արյունային փսխումներ կան, որոնք մեկ շաբաթ առաջ օրվա մեջ մի քանի անգամ կրկնվել են։ Քրեակատարողական վարչությունը, սակայն, հերքում է այս պնդումները։

Անցած ամռանը Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ։ Գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։

Անցած դեկտեմբերին նա ազատ արձակվեց, ապա՝ փետրվարի 9-ին կրկին կալանավորվեց։ Սարգսյանը հացադուլի միջոցով պահանջում է ազատ արձակել իրեն՝ պնդելով, որ մի շարք լուրջ հիվանդություններ ունի, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG