Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Պակիստանից պաշտպանական սպառազինություններ կներմուծի


Պակիստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Իսլամաբադում, 28-ը փետրվարի, 2017թ․
Պակիստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Իսլամաբադում, 28-ը փետրվարի, 2017թ․

Ադրբեջանը Պակիստանից կներմուծի պաշտպանական սպառազինություններ։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի՝ երեքշաբթի օրը Իսլամաբադում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։

Ալիև-Շարիֆ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են պաշտպանական և ռազմարդյունաբերական ոլորտներում կոնկրետ նախագծեր, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։

Ադրբեջանի ղեկավարը Պակիստանում էր Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Կազմակերպությանը, հիշեցնենք, անդամակցում են Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Աֆղանստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։

Ադրբեջանը սկսեց Հայաստանի անկախությունը չճանաչած աշխարհում միակ երկրի՝ Պակիստանի հետ բարեկամությունից խոսել բոլորովին վերջերս: Անցյալ աշնանը երկու երկրների նախարարների, այդ թվում՝ ռազմարդյունաբերության նախարարների համատեղ ժողովից հետո հայտարարվեց, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում Պակիստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության, այդ թվում՝ ռազմական նշանակության տեխնիկայի մատակարարման ծավալները պետք է հասցվեն 500 միլիոն դոլարի։

Առայժմ չի հստակեցվում, թե այս փուլում Բաքուն ինչ զինատեսակներ է ներկրելու Պակիստանից։ Ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրում են, որ խոսքը ժամանակակից հակաօդային պաշտպանություն ձեռք բերելու և Ադրբեջանում Պակիստանի հետ համատեղ ռազմական համակարգերի արտադրության մասին է, ինչի շուրջ կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել անցյալ տարի՝ Պակիստանի վարչապետի Բաքու այցի ընթացքում:

Ադրբեջանը, հիշեցնենք, աշխարհում զենքի 40 խոշորագույն ներկրողների աղյուսակում զբաղեցնում է 21-րդ տեղը: Այս մասին է վկայում Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի վերջերս հրապարակած 2016 թվականի զեկույցը։ Ուսումնասիրության արդյունքներով՝ վերջին հինգ տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը։ Զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից:

Ռազմական խնդիրներով, մասնավորապես, սպառազինությունների գնումների դիտարկմամբ զբաղվող այս հեղինակավոր վերլուծական կառույցի փաստաթղթում Ադրբեջանը դասվում է այն հինգ երկրների ցանկում, որոնք ռուսական զենքի ամենաշատ պահանջարկն ունեն: Այդպիսով, Ադրբեջանին բաժին է հասնում ռուսական ռազմական արդյունաբերության ծավալների չորս տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG