Մատչելիության հղումներ

Մարտի 1-ը բացահայտելու համար նախ պետք է պատասխանատվություն կրի քաղաքական ուժը. Իշխանյան


Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ընդդիմադիրների մեջ դեռևս չի տեսնում այն քաղաքական ուժը, որն իր արժեքային համակարգով, իր մտածողությամբ տարբերվում է իշխող քաղաքական ուժից։

«Ընդդիմությունն ասում է, որ պետք է բացահայտել Մարտի 1-ը, որ իրենք գան` կբացահայտեն: Ես չեմ տեսնում առայժմ մեր ընդդիմադիր ուժերի մեջ այն քաղաքական ուժը, որն իր արժեքային համակարգով, իր մտածողությամբ տարբերվում է քաղաքական այսօրվա իշխող ուժից։ Պետք է հաշվի առնել, որ քաղաքական ուժերի մեջ ուժեղ մրցակցություն կա, համենայն դեպս ոչ-իշխանական քաղաքական ուժերի մասին է խոսքս՝ իրենց կուրծքը ծեծելու, թե ով ավելի ընդդիմադիր է։ Եվ Մարտի 1-ի գործը, թող ինձ ներեն զոհվածների հարազատները, ես չեմ հավատում, որ այդ քաղաքական ուժերն իսկապես ցավում են այդ զոհերի համար, որովհետև մի մասը եթե ցավային, իրենց ժամանակվա զոհերի հարցերը կպարզեին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իշխանյանը՝ շարունակելով․ - «Որովհետև այդպիսի գործերը բացահայտելու համար նախ պետք է պատասխանատվություն կրի քաղաքական ուժը, երկրորդը՝ պատասխանատվության համար սկզբնական շրջում դա չպետք է լինի քաղաքական հանձնարարություն, դա պետք է լինի իշխանության տարանջատում, որտեղ դատաիրավական համակարգը քեզնից կախված չի: Ես իդեալական եմ ասում գուցե, բայց, համենայն դեպս, այդ արժեքային համակարգով քաղաքական ուժեր ես չեմ տեսնում»:

Հարցին, թե չի՞ կարծում, որ նաև այս անպատժելիության մթնոլորտում նոր հանցագործություններ կարող են լինել, իրավապաշտպանը պատասխանեց. - «Իհարկե, և ոչ թե կլինեն, ես չարագուշակություն չեմ ուզում անել, բայց Մարտի 1-ի զոհերով հո չվերջացավ սա՝ սա շարունակություն է ունենալու, և անընդհատ չեն պատժվելու։ Սա չարագուշակություն չի, որովհետև հնարավոր չէ, որ այդ բնույթի իշխանությունները հանկարծ որոշեն, որ ոչ, այլևս բավարար է, պետք է հանձնարարել դատարաններին, դատավորներին՝ «ես կհանձնարարեմ դատավորին, որ եթե նույնիսկ եղբայրս լինի, պետք է պատժվի»։ Դուք հավատո՞ւմ եք, ես չեմ հավատում դրան»։

Պայքարը հանուն իրավունքների, ինչպես Իշխանյանը նշեց, հարատև պայքար է։ «Երբ որ մենք նայում ենք համաշխարհային պատմությունում, մասնավորապես՝ եվրոպական պատմությունը, ապա մարդիկ այնքան են պայքարել, մինչև որ հասել են այն վիճակին, որին մենք ձգտում ենք, այսինքն՝ երբեք չպետք է հուսահատվել և գնալ տուն, որովհետև, ճիշտ է, բարձրագոչ բառեր ես չեմ սիրում, բայց պայքարը հանուն քո իրավունքների հարատև պայքար է», - շեշտեց իրավապաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG