Մատչելիության հղումներ

Պեսկով․ ՌԴ և ԱՄՆ շահերը առաջին հերթին պետք է համընկնեն ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ահաբեկչության դեմ պայքարը առանցքային ոլորտներից մեկն է, որտեղ համընկնում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը, բայց կան նաև ոլորտներ, որտեղ պաշտոնական Մոսկվայի և Վաշինգտոնի շահերը տրամագծորեն հակառակ են: Այդ մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակը:

«Անկասկած, կան շահերի համընկնումներ, անկասկած, կան ոլորտներ, որտեղ մեր տեսակետները տրամագծորեն հակառակ են՝ դա լիովին նորմալ պրակտիկա է», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:

Ճշտող հարցին՝ հատկապես որտե՞ղ է դիտարկվում երկու պետությունների շահերի համընկնում, Ռուսաստանի նախագահի խոսնակը պատասխանել է․ - «Դա քննարկման առաձին բավական լայն թեմա է, սակայն նվազագույնը՝ ինչի մասին Պուտինը և Թրամփը խոսել են հեռախոսազրույցում, երբ Պուտինը զանգահարել էր Թրամփին՝ շնորհավորելու երդմնակալության կապակցությամբ, առաջին հերթին փոխգործակցությունն է ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում»:

«Դժվար թե ինչ-որ մեկը վիճարկի և կասկածի, որ բոլոր պետությունները պետք է գործակցեն հանուն ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու: Ամեն դեպքում, առանց երկու խոշորագույն երկրների փոխգործակցության, ինչպիսին են ԱՄՆ-ը և Ռուսաստանը, դա առհասարակ անհնար է», - հավելել է Պեսկովը:

Նա նաև բացասաբար է պատասխանել հարցին՝ զարմացած չե՞ն արդյոք Կրեմլում այն փաստով, որ Կոնգրեսին հղած իր ուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հիշատակել Ռուսաստանի հետ հարաբերությունները: «ԱՄՆ նախագահը, բնական է, զբաղվում է ամերիկյան գործերով, իսկ մեր նախագահ Պուտինը զբաղվում է ռուսաստանյան գործերով: Դա բացարձակապես նորմալ է», - նշել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG