Մատչելիության հղումներ

«Տպավորություն է, որ ամեն վայրկյան քայլում ենք մարդասպանի հետ». Մարտի 1-ի զոհվածի հայր


Սամվել Հարությունյանի լուսանկարը
Սամվել Հարությունյանի լուսանկարը

Այսօր Մարտի 1-ի ողբերգության 9-րդ տարելիցն է։ Այդ օրը ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: «Ազատություն»-ը զրուցել է Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հոր՝ Էդիկ Հարությունյանի հետ։

«Ազատություն». - Մարտի 1-ից 9-ը տարի է անցել, այս 9 տարիների ընթացքում Դուք ի վերջո գտա՞ք պատասխանը՝ ի՞նչ տեղի ունեցավ Մարտի 1-ին և ի՞նչ պատահեց Ձեր տղայի հետ։

Էդիկ Հարությունյան. - Ո՛չ։ Իմ տղան վիրավորվեց, 40 օր պահեցին հիվանդանոցում, վերջում մահացավ՝ ապրիլի 11-ին։

«Ազատություն». - Այդ օրը նա ինչպե՞ս էր հայտնվել այդ վայրում։

Էդիկ Հարությունյան. - Նա ավտոկայանից ծանրոց պետք է տաներ։

«Ազատություն». - Ձեզ մոտեցել, ինչ-որ բան բացատրե՞լ են այս տարիների ընթացքում մեր իշխանության ներկայացուցիչները։

Էդիկ Հարությունյան. - Մենք այսօր ապրում ենք ստի մթնոլորտում, որովհետև ամեն մարդ իր հերթին խաբել է, ոչ մեկ ոչ մի ճիշտ բան չի ասում, էսօր եթե ուզենան Մարտի 1-ը բացահայտեն, մի քանի օրվա պատմություն է բացահայտելը։ Իրենք ամեն տվյալների տիրապետում են։

«Ազատություն». - Ձեր տղան վիրավորում էր ստացել ԱԿՍ տեսակի ինքնաձիգի՞ց։

Էդիկ Հարությունյան. - Ոչ, պաշտոնական իրանց տվյալներով, որին, իհարկե, ես չեմ հավատում, իբրև ստացել է բութ գործիքից վնասվածք, բայց դա տենց չէր, դա հրազենային վնասվածք էր, բայց ոչ ԱԿՍ տեսակի, այլ հնարավոր է ատրճանակի, որովհետև մարտի 2-ին, 3-ին ես իրեն հեռուստացույցով տեսել եմ բռնվածների ցուցակում, որ 15 հոգու մեջ հաղորդում էր Հարությունյան Սամվել, բացի հայրանուններից, հետո Հատուկ քննչականն ինձ ամեն կերպ համոզում էր, որ ինչ-որ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն է եղել, որի հետ ես հանդիպել եմ, իրան ձերբակալել են Մարտի 1-ից առաջ՝ հնարավոր չէր, որ ինքը ներկա գտնվեր այդտեղ։ Այսինքն՝ մենք ապրել ենք սուտ ու կեղծիքի մեջ, խաբեության մեջ, էսքան տարի ոչ մեկ չի հետաքրքրվում, թե իմ էրեխան ո՞նց եղավ, ի՞նչ եղավ։ Փաստացի ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել։

«Ազատություն». - Հույս կա՞, որ քաղաքական կամք կգտնվի գործող իշխանավորների մոտ՝ այս գործը բացահայտելու։

Էդիկ Հարությունյան. - Ոչ, ես այսօր կուզենայի դիմել այսօրվա վարչապետ Կարեն Կարապետյանին, արդեն ինչքան ժամանակ նա կառավարում է, բայց Մարտի 1-ի դեպքերի մասին բացարձակ ոչ մի խոսակցություն չի տանում, ի՞նչ է, նա չի իմանում, անտեղյա՞կ է։ Եթե երկրի վարչապետն այդպիսի բաներից անտեղյակ է, ի՞նչի համար է աշխատում, հանուն ինչի՞, ո՞ւմ։

«Ազատություն». - Հույս ունե՞ք, որ ինչ-որ մի օր այս գործը կբացահայտվի, եթե ոչ այս իշխանության օրոք։

Էդիկ Հարությունյան. - Գիտե՞ք ինչ կա, այսօրվա իշխանությունների դեպքում դա բացառվում է, իսկ ինչ վերաբերում է հույսին, ապա հույսը վերջում է մեռնում, ես դրա համար էլ ապրում եմ, դրա համար էլ շնչում եմ։ Տպավորություն է, որ մենք ամեն վայրկյան քայլում ենք նույն հողի վրա նույն մարդասպանի հետ, գուցե և ինչ-որ տեղ հանդիպում ենք՝ առանց ճանաչելու։ Ոչ մի երկրում այդպիսի բան չկա, որ կան զոհեր, չկան մեղավորներ և պատժվածներ, դա շատ ցավալի է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG