Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե երկրով մեկ հանրապետականների դեմ բողոքի ակցիաների հետևում կանգնած է նախկին նախագահ Բարաք Օբաման։
Երեկ Fox News-ով հեռարձակված հարցազրույցում պատասխանելով բողոքի ակցիաների մասին հարցին՝ Թրամփն ասել է. - «Կարծում եմ, որ նախագահ Օբաման է դրանց հետևում, որովհետև դրանց հետևում հաստատ կանգնած են նրա մարդիկ»։
Նա նշել է, թե հասկանում է, որ սա քաղաքականություն է և հավանաբար կշարունակվի։
ԱՄՆ նախագահը նաև կասկածներ է հայտնել, որ Սպիտակ տնից տեղեկատվության արտահոսքի հետևում նույնպես կանգնած են Օբամային հավատարիմ մարդիկ։
Արտահոսքի մասին Fox News-ի թղթակիցները հարցրել են՝ նկատի ունենալով, որ վերջերս Սպիտակ տան մամուլի խոսնակ Շոն Սփայսերը աշխատակազմին խնդրել է անջատել ձեռքի հեռախոսները՝ արտահոսքի աղբյուրները հայտնաբերելու համար։
Թրամփը ասել է, թե նորմալ է վերաբերվում իրավիճակին տիրապետելու Սփայսերի գործելաոճին։
«Առաջին հերթին, Շոն Սփայսերը լավ մարդ է, հրաշալի անձնավորություն։ Ես ուրիշ կերպ կվարվեի։ Առանձին-առանձին կհանդիպեի մարդկանց հետ, և մենք մեծ արտահոսք չէինք ունենա։ Կառավարությունից մենք արտահոսք ունենք։ Ես իրավիճակին կհետևեի այլ կերպ, քան Շոնը, բայց Շոնը իր ճանապարհով տիրապետեց իրավիճակին, ես համաձայն եմ դրան», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը։
Հարցազրույցում անդրադառնալով նաև ԱՄՆ-ի ռազմական բյուջեն մեծացնելու առաջարկին, որն արդեն արվել է 2018 թվականի բյուջեի նախագծում, Դոնալդ Թրամփը համոզմունք է հայտնել, որ 54 միլիարդ դոլարի աճը կփոխհատուցվի ուժեղ տնտեսությամբ, ինչպես նաև այլ ոլորտների կրճատումներով։
«Կարծում եմ, որ գումարները կստացվեն տնտեսության արագ աճից։ Մենք պատրաստվում ենք շատ ավելի փող ծախսել ռազմական ոլորտում», - ասել է Թրամփը։
Fox News-ում ԱՄՆ նախագահի հարցազրույցն անցկացվել է Fox & Friends շոու ծրագրում։
Հիշեցնենք` Միացյալ Նահանգների ռազմական բյուջեն մոտավորապես 600 միլիարդ դոլար է, և հիմա նախատեսվում է այն ավելացնել 54 միլիարդ դոլարով։