Մատչելիության հղումներ

Վրաստանում բուռն քննարկում են Լարսին այլընտրանք գտնելու մասին ՀՀ վարչապետի հայտարարությունը


Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը Թբիլիսիում, 23-ը փետրվարի, 2017թ․

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի թբիլիսյան այցը շարունակում է մնալ Վրաստանի քաղաքական դաշտի բուռն քննարկումների գլխավոր թեմաներից մեկը: Նման արձագանքի պատճառը Հայաստանի վարչապետի` Թբիլիսիում հնչեցրած հայտարարությունն էր, ըստ որի, Վրաստանի և Հայաստանի իշխանությունները կարողացել են համաձայնության գալ Լարսով անցնող ավտոճանապարհին այլընտրանք գտնելու հարցում:

«Այլընտրանքային լուծումները` դա և՛ լաստանավն է, և՛ բազմաթիվ այլ տարբերակներ», - Թբիլիսիի հայերի հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր Կարապետյանը:

Վրացական ընդդիմությունն անցած շաբաթավերջին` Կարեն Կարապետյանի այցի ավարտից անմիջապես հետո, սկսեց լուրջ կասկածներ հայտնել, որ Հայաստանի վարչապետի մատնանշած այլընտրանքային տարբերակներից մեկը Աբխազիայով անցնող երկաթուղին է:

«Այն պահին, երբ մենք գործարքի գնանք [աբխազ] անջատականները հետ, մենք նրանց որոշակի լեգիտիմություն կհաղորդենք: Այդ դեպքում Վրաստանը կզրկվի իր հիմնական զենքից` [ ինքնահռչակ հանրապետությունների] չճանաչման քաղաքականությունից», - հայտարարում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմակիցներից Նիկա Ռուրուան:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Զուրաբ Չիաբերաշվիլին էլ չէր բացառում, որ Հայաստանի վարչապետի այցի հետևանքներից մեկը կարող է դառնալ վրացական կողմի հերթական զիջումը Մոսկվային` այս անգամ Աբխազիայի հարցում:

«Վրաստանի այսօրվա իշխանություններին հաճախ են կասկածում Ռուսաստանին անհարկի զիջումների գնալու մեջ: Դա վառ կերպով արտահայտվեց հատկապես «Գազպրոմ»-ի հետ կնքված պայմանագրի դեպքում», - հայտարարում էր Չիաբերաշվիլին:

Ուշագրավ է, սակայն, որ աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ հայ-վրացական քննարկումների մասին խոսելով` Վրաստանի ընդդիմությունն այդպես էլ դուրս չեկավ ենթադրությունների շրջանակից և որևէ հստակ ապացույց այդպես էլ չներկայացրեց:

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, սակայն, կտրականապես հերքում էր աբխազական երկաթուղու վերաբացման շուրջ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների մասին տեղեկությունները։

«Ես առաջին անգամ եմ լսում նման բանակցությունների մասին: Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Կառավարությունը նման նախաձեռնության շուրջ նույնիսկ քննարկում չի անցկացրել: Այդ ամենը սուտ է: Ընդդիմությունը, որպես կանոն, շատ է խոսում և շատ է ստում», - հայտարարում էր Կալաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG