«Մենք պատրաստվում ենք ինքներս ձևավորել կոալիցիա», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք բացառում է ընտրություններից հետո որևէ փուլում դաշինքի համագործակցությունը Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ։
«Ես չեմ կարծում, որ ազատ և արդար ընտրության դեպքում Հանրապետականը կարող է լինել կոալիցիայի, այսպես ասենք, հավակնորդների շարքում։ Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, որ «Ծառուկյան դաշինքը» գնում է մեկ հստակ նշաձողով՝ վերցնել 50+1 ձայն։ Այսինքն՝ մենք պատրաստվում ենք ինքներս ձևավորել կոալիցիա։ Ինչ վերաբերում է Ձեր՝ «հնարավո՞ր է ինչ-ինչ զարգացումների դեպքում...», այս պահին ես չեմ տեսնում որևէ պատճառ, ինչպես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին քվեարկի Հանրապետական կուսակցության օգտին, այնպես էլ չեմ տեսնում որևէ պատճառ Հանրապետականի հետ հետընտրական համագործակցության։ Ինչո՞ւ` որովհետև այդ համագործակցության առաջարկը Գագիկ Ծառուկյանին եղել է 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքեց 450 հազարից ավելի քվե, բայց Ծառուկյանը՝ մեզ հետ քննարկելով, մենք, կարծում եմ, որ կայացրեցինք շատ ճիշտ որոշում», - ասաց Զոհրաբյանը:
Ըստ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի, իշխանությունները ԲՀԿ-ին առաջարկել էին 8 նախարարական պորտֆել, 4 մարզպետ, Երևանում համայնքապետեր․ - «Շատ փայլուն փաթեթ էր։ Եթե մենք ուզենայինք կոալիցիա ընդամենը ինքնանպատակ՝ հանուն կոալիցիայի՝ պորտֆելները վերցնելու համար, 2012 թվականին... վստահեցնում եմ Ձեզ, մեր փոխարեն, Ծառուկյանի փոխարեն, որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքական գործիչ այդ առաջարկից չէր հրաժարվի։ Մենք հրաժարվեցինք, որովհետև մեզ համար պարզ էր, որ եթե դու չունես հսկիչ, որոշիչ փաթեթ և քո ձայնն ընդամենը ֆոն է լինելու, հարցեր չես կարողանալու լուծել․ մենք հրաժարվել ենք»։
Հարցին՝ իսկ եթե ընտրությունների արդյունքով «Ծառուկյան դաշինքը» առաջինը չլինի, երկրորդ, երրորդ տե՞ղը զբաղեցնի, ԲՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Ես այս պահին չեմ ցանկանում անգամ տեսականորեն դիտարկել, որովհետև բոլոր սոցիոլոգիական հարցումները, ես կրկնում եմ՝ չեմ ցանկանում վիրավորել որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի և միտք էլ չունեմ վիրավորելու նաև Հանրապետական կուսակցությանը, իրենք էլ իրավունք ունեն ցանկություն ունենալու անընդհատ և պերմանենտ վերարտադրվելու, դա իրենց իրավունքն է, բոլոր՝ թե՛ հարցումներով, թե՛ մարզային մեր հանդիպումները խոսում են մեկ բանի մասին, որ «Ծառուկյան դաշինքը» վերցնելու է մեծամասնություն: «Եթե»-ների մասին կխոսենք ապրիլի 2-ից»։
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․