Մատչելիության հղումներ

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները մերժում են «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքը


Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցություններն անընդունելի են համարում նախագահ Սերժ Սարգսյանի և Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մոտեցումները՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքի վերաբերյալ:

«Ազատության» հետ զրույցում հինգ խմբակցությունների ղեկավարները նշեցին՝ տարածքային զիջումը Ադրբեջանին միայն խոցելի կդարձնի Արցախը՝ մեծացնելով նոր, լայնածավալ պատերազմի հավանականությունը:

Խորհրդարանում ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության քարտուղար Ռամելա Դադայանի խոսքով, իրենք որևէ մեկին չեն լիազորել Ստեփանակերտի անունից պայմանավորվել Բաքվի հետ․ - «Դա ընդունելի չէ: Իմ կողքին նստած է որդի կորցրած հայր, իմ կողքին նստած են պատերազմի բովով անցած մարդիկ: Ձեզ շրջապատող՝ Ստեփանակերտ քաղաքում կամ Հանրապետության տարբեր շրջաններում, ում ուզում եք հարցրեք՝ ոչ մեկը հող հանձնելու մասին նույնիսկ չի էլ ուզում մտածել, այդ թվում՝ նաև մեր իշխանությունները»:

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո առնվազն երկու անգամ հրապարակային հայտարարություններ արեց ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին՝ Bloomberg և Россия сегодня լրատվական գործակալությունների հետ զրույցում նշելով, որ պաշտոնական Երևանը իր համաձայնությունն է տվել կազանյան փաստաթղթին, ըստ որի հայկական ուժերը դուրս են գալիս հինգ շրջաններից՝ իրավունք ստանալով հանրաքվեի միջոցով լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Անցած տարվա դեկտեմբերին, ելույթ ունենալով իր գլխավորած Հայ ազգային կոնգրեսի համագումարում, Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց՝ փուլային տարբերակը այլընտրանք չունի՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղը կստանա միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակի հարցը կմնա ապագային՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։

Արցախում իշխանական կոալիցիայի մաս կազմող և մեծությամբ երկրորդ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի խոսքով, ապրիլյան պատերազմը ևս ցույց տվեց, որ Իլհամ Ալիևի վարչակազմը հակված չէ կատարել միջազգային պարտավորությունները․ - «Այն, որ Դաշնակցությունը չի կարող նման տեսակետին ընդառաջել և ընդունել՝ դա միանշանակ է»:

Իշխանական՝ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը նշեց՝ անհասկանալի է՝ ինչու պետք է խոսեն շրջանների հանձնման մասին, եթե Ալիևի վաչակազմում ադրբեջանական են համարում ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանի որոշ շրջաններ․ - «Ո՞րն է այն երաշխիքը, որ եթե մենք տանք ինչ-որ շրջան, առավել ևս՝ հինգ շրջան, Ադրբեջանը նոր պատերազմ չի սկսելու մեր դեմ: Ադրբեջանը հիմա է պատերազմում մեզ հետ ամեն օր»:

Մեր զրուցակիցներին հարցրեցինք՝ եթե Արցախում իշխանություն կազմող քաղաքական ուժերը դեմ են նման մոտեցմանը, արդյո՞ք պաշտոնական Ստեփանակերտը բարձրացնու՞մ է այդ հարցը Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ բանակցություններ վարող Հայաստանի իշխանությունների առջև և ի՞նչ պատասխան է ստանում Երևանից: Ղարաբաղյան պատերազմում որդուն կորցրած, «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արպատ Ավանեսյանի խոսքով, Երևանում «շատ լավ տեղյակ են Ստեփանակերտում առկա դիրքորոշման մասին»:

«Մի կարծեք, թե մենք, որևէ անձի ասելու պարագայում, կհամակերպվենք այդ ասածի հետ: Ցանկացած ղարաբաղցի, որը հոգով ծախված չի, անմիջապես կհակազդի այդպես խոսող և՛ նախագահի, և՛ վարչապետի, և՛ պաշտպանության նախարարի, և՛ ցանկացած մարդու: Շատ դժվար է լինելու դրանից հետո այդ մարդկանց համար ապրել և՛ Հայաստանում, և՛ Արցախում», - նշեց Ավանեսյանը:

Ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների խոսքով, իրենց չեն հրավիրում Ստեփանակերտում տեղի ունեցող Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին, սակայն իրենց դիրքորոշման մասին տեղյակ են Արցախի իշխանությունները:

«Տարածքային զիջումը ոչ թե կլուծի, այլ կառաջացնի խնդիրները: Տարածքի դիմաց կարգավիճա՞կ: Ո՞վ է հավատում դրանց տված կարգավիճակին», - հարցնում է «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը «պարտվողական» բնորոշեց «տարածքներ-կարգավիճակի դիմաց» սկզբունքը: - «Տարածքային զիջումները բերելու են ավելի լայնամասշտաբ պատերազմի, բայց արդեն հայկական կողմի համար անբարենպաստ պայմաններով», - ընդգծեց Խանումյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG