Մատչելիության հղումներ

Երևանն ու Բրյուսելը նոր համաձայնագրի շուրջ համաձայնության են եկել


Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից երեք տարի անց Հայաստանն ու Եվրամիությունն այսօր համաձայնության են եկել նոր քաղաքական համաձայնագրի շուրջ:

Փաստաթղթի շուրջ բանակցություններն ավարտվել են և այն արտահայտում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը: Այս մասին գոհունակությամբ հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում:

«Այսօրվա մեր հանդիպման կենտրոնական թեման Հայաստան-Եվրոպական Միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր: Այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերն ավարտել են բանակցությունները», - իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը: - « Նոր իրավական փաստաթուղթը համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է, որն արտահայտում է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը», - հավելեց նա:

Երևանն ու Բրյուսելն այսպիսով փորձում են վերակառուցել հարաբերությունները, որոնք ինչ-որ չափով խզվեցին այն բանից հետո, երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային իսկ հետո նաև Եվրասիական միությանը։ Այդ հայտարարությամբ Հայաստանի ղեկավարն, ըստ էության, հրաժարվեց Եվրամիության հետ ավելի քան երեք տարի տևած բանակցություններից հետո սպասվող Ասոցացման համաձայնագրի կնքումից։

Չնայած դրան՝ Ռուսաստանի գլխավորած տնտեսական դաշինքի անդամ Հայաստանը հայտարարեց, թե ցանկանում է շարունակել Եվրամիության հետ երկխոսությունը քաղաքական և առևտրային ոլորտներում։

Ընդհանուր առմամբ նախորդ երկու տարիները, նախագահ Սարգսյանի գնահատմամբ, ՀՀ-ԵՄ համագործակցության տեսանկյունից առանձնացել են աշխուժությամբ,զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել է համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Սարգսյանի խոսքով՝ Դոնալդ Տուսկի հետ քննարկել են նաև Հայաստան-ԵՄ օրակարգի այլ հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային զարգացումները: - «Ակնկալում ենք, որ առաջիկայում կմեկնարկի նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչն ամրագրված էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի համատեղ հռչակագրում, և մեծապես կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը», - ասաց Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը Բելգիայի մայրաքաղաքում է եռօրյա աշխատանքային այցով. Եվրախորհրդի նախագահի հետ հանդիպումից զատ նախատեսվում են նաև մի շարք հանդիպումներ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Եվրահանձնաժողովի նախագահի, Եվրախորհրդարանի նախագահի, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ղեկավարության և Եվրամիության դիվանագիտության ղեկավարի հետ։

«Հայաստանը, որի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մենք աջակցում ենք, կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար», - հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Անդրադառնալով Եվրամիություն - Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Տուսկը նշել է․ - «Այսօր գոհունակությամբ կարող ենք հայտարարել, որ ավարտել ենք համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագրի շուրջ Եվրամիություն - Հայաստան բանակցությունները: Այս նոր համաձայնագիրը կընդլայնի մեր հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով մեր նոր, ընդհանուր աշխարհ-քաղաքական շահերը և այն մարտահրավերները, որոնց առերեսվում ենք միասին»:

Ընդգծելով, որ Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, նրա առաջին միջազգային դոնորը և բարեփոխումների ամենաուժեղ աջակիցը, Եվրախորհրդի նախագահը նշեց, որ առաջիկայում Բրյուսելը նաև ակնկալում է Երևանի հետ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, ինչպես նաև նոր հնարավորություններ առևտրի ու ներդրումների, Եվրամիության և Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժի ոլորտներում:

«Մենք մտադիր ենք առաջիկա տարիներին ընդլայնել այս հարաբերությունները և խրախուսում ենք Հայաստանին շարունակել բանակցությունները բոլոր ոլորտներում, այդ թվում` տնտեսական զարգացումը, բիզնես միջավայրը, դատական ոլորտը, մարդու իրավունքները, պայքարը կոռուպցիայի դեմ, ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար նախատեսված միջոցները», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG