Այսօր պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ ռազմական կցորդներին տեղեկատվություն է ներկայացվել փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերի, դրանց կասեցման ու հակառակորդի կրած կորուստների, ինչպես նաև առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ըստ Այվազյանի՝ ստեղծված պայմաններում հայկական կողմը հուսով է, որ Ադրբեջանը զերծ կմնա իրավիճակի հետագա լարումից: Նշվել է նաև, որ կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հակառակորդի հնարավոր նոր արկածախնդրությունները զսպելու համար: