Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանրապետական «ռեյտինգայիններին» հանձնարարել է «կռիվ-դավի» չանել


Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետականի գրասենյակում հավաքի ժամանակ, արխիվ

Նախօրեին, ըստ մամուլի հրապարակումների, Մասիսում հանրապետական պատգամավորների թիմակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կուսակցության գրասենյակում մեկտեղած ռեյտինգային բոլոր թեկնածուներին հանձնարարել է չվիճել։ Այս մասին տեղեկացրեց պատգամավոր՝ Արմավիրի մարզում տարածքային ցուցակում ընդգրկված Սեյրան Սարոյանը։

Լրագրողների հարցին, թե ի՞նչ հանձնարարականներ տրվեցին, Սարոյանը արձագանքեց․ - «Որ լավ ըլնենք, ոչ մի խախտումներ պտի չարվի, ոչ մեկս իրավունք չունի սխալ բան անելու, կռիվ-դավի չի ըլնելու, մաքուր ընտրությունների ենք էթում: Աշխարհին պտի ցույց տանք, որ մենք ազնիվ, մաքուր ընտրություն պտի անենք»:

Հանդիպումից այլ մանրամասներ գեներալ Սարոյանը չհայտնեց։ Մոտ մեկ ժամ տևած քննարկումից հետո, շենքից դուրս եկող գրեթե բոլոր հանրապետականներն էին այսօր քչախոս, բարկացած էին կամ շտապում էին։

Իշխող կուսակցության գործադիր մարմնի անդամ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը միայն նշեց, որ Մասիսի միջադեպին առանձին անդրադարձ եղել է, կուսակիցների միջև մրցակցությունը, սակայն, նա բնական համարեց: «Մրցակցությունը շատ բնական է և մրցակցություն պետք է լինի՝ այն նախատեսված է Ընտրական օրենսգրքով», - շեշտեց նախարարը:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ, հայտարարեց, թե ծեծկռտուքին չեն անդրադարձել, միևնույն ժամանակ, սակայն, ասաց, որ կուսակցական կարգապահությունից են խոսել։ «Ընդհանուր կարգապահության մասին է խոսվել, որ նման դեպքերը ընդհանրապես չպետք է լինեն և պետք է կանխարգելվեն, այսինքն՝ թիմը պետք է լինի հաշտ, համերաշխ և ոչ միայն պատասխանատվություն կրի թիմը իր համար, այլ՝ ընդհանուր մթնոլորտի համար, որպեսզի մենք կարողանանք անցկացնել այնպիսի ընտրություններ, որ ընկալելի կլինի», - ասաց իշխող կուսակցության խմբակցության ղեկավարը:

Երեկ հայտնի դարձավ որ Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրություններում նոր՝ ռեյտինգային ընտրակարգով թեկնածուներ առաջադրված երկու հանրապետական պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի և Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջև ծեծկռտուք է եղել: Սերժ Սարգսյանի մոտ եկած Արայիկ Գրիգորյանն այսօր հանդիպումից հետո գրասենյակից դուրս եկավ փոքր-ինչ բարկացած, իսկ միջադեպի մասին հարցը ավելի բորբոքեց նրան։ «Ախր միջադեպ ա՞ եղել, որ անդրադարձ լինի, միջադեպ չի եղել ընդհանրապես: Երիտասարդները ընդամենը իրար հետ խոսել են, և վերջ», - վստահեցրեց նա:

Երկու հանրապետականների միջև բախումը դեռ սկիզբն է, կարծում են ընդդիմադիրները, պնդելով՝ ծեծկռտուքներ կլինեն բոլոր այն վայրերում, որտեղ իշխող ուժի թեկնածուները չեն կարողանա միմյանց միջև «կիսել» ընտրատարածքը։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը, սակայն, այսօր վստահեցրեց, թե կուսակցության թեկնածուները միմյանց դեմ չեն պայքարելու։ «Ընդհանուր առմամբ, ոչ մեկը չի բացառում պայքարը, և կա ներկուսակցական, բնականաբար՝ իրար հետ քվեարկվում են, բայց մեր նպատակը պետք է մեկ լինի՝ որ դա Հանրապետականի ընդհանուր արդյունքը պետք է լինի և ոչ թե անհատների արդյունք», - ասաց Բաղդասարյանը:

Նոր Ընտրական օրենսգրքով, համապետական ցուցակից բացի՝ կուսակցությունները երկրի 13 ընտրատարածքից յուրաքանչյուրում պետք է առաջադրեն առնվազն 5 պատգամավորության թեկնածուներ։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում Հանրապետականի թեկնածուներից մեկն, օրինակ, պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է։ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո միլիոնատեր պատգամավորն այսօր հարցերին պատասխանելու համար կոչ արեց նախ գումար վճարել․ - «Ես ձեզ չեմ ասե՞լ, որ 500 եվրո պետք ա տաք, որ հարցազրույց տամ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG