Առնվազն 42 մարդ է զոհվել Սիրիայի Հոմս գավառում անվտանգության ծառայությունների կառույցների մոտ այսօր տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հաղորդում է Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը:
Տեղի իշխանությունները հաստատել են հարձակման մասին տեղեկատվությունը:
«Պայթյուններն իրականացրել են առնվազն վեց մահապարտներ՝ պետական անվտանգության ծառայության շենքի և ռազմական հետախուզության շենքի մոտ», - France-Presse լրատվական գործակալությանը հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտարանի ղեկավար Ռամի Աբդել Ռախմանը:
Իրավապաշտպանների տվյալներով՝ զոհվածների թվում սիրիացի բարձրաստիճան զինվորականներ կան:
Հարձակումների համար պատասխանատվություն առայժմ ոչ ոք չի ստանձնել:
Հոմսը, որը զինված ընդդիմությունը անվանել է «հեղափոխության մայրաքաղաք», գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ: