Միացյալ Նահանգներում մի շարք խոշոր լրատվամիջոցների թույլ չեն տվել մասնակցել Սպիտակ տան ավանդական ճեպազրույցին: ԱՄՆ նախագահի աշխատակազմը մերժել է մամուլի ասուլիսին մասնակցելու մուտքի թույլտվությունը CNN հեռուստաընկերությանը, The New York Times, The Los Angeles Times, Politico, BuzzFeed և The Daily Mail պարբերականներին: Associated Press գործակալության և Time հանդեսի թղթակիցները ի նշան համերաշխության բոյկոտել են ճեպազրույցը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը առայժմ չի մեկնաբանել տեղի ունեցածը:
Անցյալ շաբաթ Թրամփը NBC, ABC, CBS, CNN հեռուստաընկերությունները և The New York Times պարբերականն անվանել է ամերիկյան ժողովրդի թշնամիներ: Մինչ այդ էլ նա բազմիցս այդ լրատվամիջոցներին մեղադրել է ստահոդ լուրեր տարածելու մեջ:
Սպիտակ տան ղեկավարը ուրբաթօրյա մամուլի ասուլիսին հայտարարել է, թե մամուլի դեմ ոչինչ չունի և ազնիվ լրագրությունը իր թշնամին չի համարում: