Մատչելիության հղումներ

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 ուժերն ու դաշինքները հստակեցնում են, թե մարտի 5-ին մեկնարկող քարոզարշավին ովքեր կլինեն առաջին գծում։

Գագիկ Ծառուկյանն անձամբ կգլխավորի իր ազգանվամբ կոչված դաշինքի քարոզարշավը։ տեղեկացանք Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից: - «Պարոն Ծառուկյանը անձամբ Հանրապետության բազմաթիվ մեծ ու փոքր բնակավայրերում հանդիպումների է մասնակցելու, հանդիպելու է բնակիչների հետ: Պարոն Ծառուկյանի հետ զուգահեռ դաշինքի կազմում ընդգրկված քաղաքական այլ գործիչներ, քարոզչական խմբերով շրջելու են մարզերում և ներկայացնելու են դաշինքի ծրագիրը», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Տոնոյանը:

Քարոզարշավին կմասնակցի նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջին համարը՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Խաղաղություն, բարիդրացիություն և հաշտություն դրույթներից բացի դաշինքը կանդրադառնա նաև մյուս ծրագրերին՝ կոռուպցիայի վերացումից մինչև մենաշնորհների կազմաքանդում։ - «Քարոզարշավի դետալները դեռ մշակված չեն, բայց որ ինքը քարոզարշավին կմասնակցի՝ ես մի րոպե չեմ կասկածում», - նշեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ապրիլի 2-ին պատրաստվող իշխող Հանրապետական ցուցակի առաջին դեմքը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս կմասնակցի քարոզարշավին։ Պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքով՝ քարոզարշավը կսկսեն բոլոր մարզերում միաժամանակ, դրանում կընդգրկվեն կուսակցության գլխավոր դեմքերը: - «Կուսակցությունում դերաբաշխում չկա, բոլորս միասին կմասնակցենք քարոզարշավին», - նշեց Մինասյանը:

Հանրապետականը կօգտվի քարոզարշավի ավանդական բոլոր եղանակներից՝ վճարովի գովազդից մինչև հանրահավաքներ։

«Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով ընտրություններին գնացող «ԵԼՔ» դաշինքում որոշել են քարոզարշավ անցկացնել նոր մեթոդներով, ոչ բոլոր ավանդական եղանակներից կօգտվեն՝ օրինակ վճարովի գովազդը թանկ հաճույք է։ - «Ռեսուրսները ծայրահեղ սահմանափակ են, և եթե հնարավորություն ունեցանք՝ կօգտնվենք, եթե ոչ՝ ուղղակի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ռեսուրսներից կօգտվենք և որոշ դեպքերում նաև տեղական հեռուստաընկերությունների ռեսուրսներից: Քանի որ նոր տեխնոլոգիաների ուժ ենք, փորձելու ենք ստանալ մաքսիմում արդյունք՝ մեր ունեցած սահմանափակ ռեսուրսներով», - «Ազատության» հետ զրույցում պատմեց դաշինքի առաջին համարը՝ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Եթե անգամ ֆինանսական մեծ ռեսուրսների տիրապետեին, դժվար թե ամենուրեք նախընտրական շտաբներ ունենային. Մարուքյանի խոսքով՝ մարդիկ հաճախ վախենում են ընդդիմադիր «Ելքին» վարձով տարածք տալ։ - «Այս առումով խնդիրներ ունենալու ենք և ունենք, բայց դա որևէ բան չի փոխում», - նշեց նա:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում մոտավոր հաշվարկ կա. առնվազն 300 հազար ԱՄՆ դոլար է անհրաժեշտ նորմալ քարոզարշավ իրականացնելու համար։ Հանրության հետ կխոսեն դաշինքի 3 գլխավոր դեմքերը՝ Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, նաև Արմեն Մարտիոսյանն ու մյուսները։ Ինչպես 2013-ի նախագահական քարոզարշավին, այս անգամ ևս «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ձեռքով կբարևի գյուղերի կենտրոններում ու քաղաքների հրապարակներում հավաքված մարդկանց։

«Տեխնոլոգիական առումով «Ժառանգությունը» միշտ հարուստ է եղել: Այս պարագայում մենք կունենանք բոլոր տեսակները՝ և՛ դահլիճային, և՛ հանրահավաքներ, և՛ փոքր հավաքներ, և՛ ինչու չէ՝ բարևի տեխնոլոգիան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը բերեց Հայաստան», - «Ազատության» հետ զրույցում պատմեց «Ժառանգության» փոխնախագահ, դաշինքի երկրորդ համարով հանդես եկող Արմեն Մարտիրոսյանը:

«Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով ընտրություններին գնացող Հայ հեղափոխական դաշնակցությունը այս քարոզարշավին շատ կկարևորի անհատական շփումներն ու անձնական կապերը։ Ընտրարշավը կսկսեն միաժամանակ բոլոր մարզերից, ասաց համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը․ - «Անհատական շփումներն են այս պարագայում շատ կարևոր, անձնական կապերը և, բնականաբար, քանի որ մենք գերթե ամբողջությամբ լրացրել ենք ռեյտինգային քվեարկությունների հնարավոր ծավալը, բայց նաև ունենալու ենք համապետական քարոզչություն, դա ավելի շատ իրականացվելու է մեծ բնակավայրերում»:

Ի տարբերություն ՀՅԴ-ի, Հայաստանի կոմունիստական կուսակցությունում բողոքում են ֆինանսական միջոցների սղությունից, բայց ասում են՝ աջակիցներ բոլոր մարզերում ունեն: 2012-ի Ազգային ժողովի ընտրություններին ավելի քան 15 հազար քաղաքացու ձայն ստացած ու խորհրդարան չանցած Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ընտրություններին գնում է «Սոցիալիզմ, աշխատանք, հայրենիք» կարգախոսով, ասաց ցուցակի 2-րդ համար Վազգեն Սաֆարյանը։

«Կուսակցության ներկայացուցիչները, մեզ համակրողներ, անկուսակցականներ՝ իրենց տեսլականը կներկայացնեն՝ ելնելով անցյալի մեր կատարած աշխատանքներից, խոսքը վերաբերում է Խորհրդային Հայաստանում Կոմունիստական կուսակցության գլխավորությամբ կատարված աշխատանքներին», - նշեց Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG