Մատչելիության հղումներ

Քաղաքապետերը հերքում են ընտրակաշառքներ բաժանելու մասին պնդումները


Հայաստանի Համայնքների միության անդամների ընդհանուր ժողովում, Երևան, 24-ը փետրվարի, 2017 թ․

Տարոն Մարգարյանը նախընտրական շրջանում քաղաքապետարանի կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելը քարոզչություն չի համարում․ «Համայնքային բյուջեում նախատեսված են միջոցներ սոցիալապես անպահովների համար, և ըստ քաղաքացիների դիմումների, ուսումնասիրում ենք ու տրամադրում, դա ոչ այսօր է եղել, ոչ երեկ»,- ասում է Երևանի քաղաքապետը։

Երևանի և հանրապետության մյուս խոշոր քաղաքների քաղաքապետերը, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարը հերյուրանք են համարում տարբեր բնակավայրերում ընտրակաշառքներ բաժանելու մասին շրջանառվող լուրերը:

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի խոսքով՝ այդ երևույթը կանխելու խնդիրը բոլոր կուսակցություններինն է․ կանխողն էլ հենց համայնքապետերը պետք է լինեն։ «Նույնչափ դա պրոբլեմ է Դաշնակցության, նույնչափ ՝այլ կուսակցությունների համար։ Այդ երևույթն ընդունելի չէ, և առաջին հերթին մեր համայնքապետերը դա պետք է թույլ չտան, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լոքյանը, ով այսօր մասնակցում էր Հայաստանի Համայնքների միության անդամների՝ Երևանում կայացած ժողովին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զարմացրեց հետևյալ հացրը՝ արդյո՞ք նախընտրական շրջանում քաղաքապետարանի կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելը քարոզչություն չի դիտվի։ «Համայնքային բյուջեում նախատեսված են միջոցներ սոցիալապես անպահովների համար։ Եվ ըստ վարչական շրջանների, ըստ քաղաքացիների դիմումների, ուսումնասիրում ենք և տրամադրում։ Դա ոչ այսօր է եղել, ոչ երեկ։ Պետք չէ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը ընտրությունների հետ կապել»,- պարզաբանեց Երևանի քաղաքապետը:

Պատասխանելով Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, Հանրապետականի կողմից Երևանի թիվ 2 ընտրատարածքում տարածքային թեկնածու առաջադրված Արման Սահակյանի կնոջ կողմից մարդկանց «հավաքագրելուն» առնչվող հարցին, Երևանի քաղաքապետն ասաց, թե դեռ պարզելու հարցեր կան՝ «Պետք է հասկանալ՝ արդյո՞ք աշխատանքի ժամին է դա արվել, թե աշխատանքից դուրս։ Երբ որ կհասկանանք դա, այդ ժամանակ նոր քայլեր կձեռնարկենք»:

Չնայած Էջմիածնում և հարակից գյուղերում բաժանվող ընտրակաշառքների մասին բնակիչների խոստովանություններին, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հակառակն է պնդում: «Ես առաջին անգամ եմ լսում, ես էլ հակառակ ինֆորմացիան ունեմ, որ չի բաժանվել»,- լրագրողներին ասաց Գրիգորյանը:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պնդմամբ էլ՝ իրենց մոտ առաջադրված բոլոր հանրապետական թեկնածուները «գաղափարական պայքար կտանեն»։ «Մեր մարզում բոլոր ՀՀԿ թեկնածուները գաղափարական, նորմալ մարդիկ են, կարծում եմ՝ ռեսուսների մեծ պայքար չի լինի»,- ասաց Վանաձորի քաղաքապետը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ որոշել է ՝ մեկ ձայն ունի, այն էլ կտա ՀՀԿ-ին։ Կուսակցությանն էլ «իր ասելով չէ», որ գյումրեցիները պետք է ձայն տան։ «Ամեն մարդ ինքը պետք է հասկանա, թե ինչին է տալիս, ինչ գաղափարախոսության է տալիս, ինչ քաղաքական ուժի կամ թեկուզ ռեյտինգային թեկնածուի է տալիս իր ձայնը, էնպես որ՝ իրենց ընտրոթւյունն է»,- ասաց Բալասանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG