Մատչելիության հղումներ

ԵՄ դեսպան՝ Հայաստանին աննախադեպ ընտրական աջակցություն ենք ցուցաբերել


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, Երևան, 24-ը փետրվարի, 2017 թ․
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, Երևան, 24-ը փետրվարի, 2017 թ․

Եվրամիությունը տրամադրել է 7 միլիոն եվրո, որից միայն 4 միլիոնը՝ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման համար: Եվս 2 միլիոն եվրո էլ տրամադրվել է ընտրական տեղամասերի 95 տոկոսում տեսախցիկների տեղադրման և ուղիղ հեռարձակում ապահովելու համար:

Թափանցիկ ընտրությունների անցկացման համար Եվրոպական միությունից ստացած աջակցության առումով Հայաստանն արտոնյալ վիճակում է․ ԵՄ հարևան որևէ այլ երկիր նման նյութական ու քաղաքական օժանդակության չի արժանացել:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մենք, իսկապես, Հայաստանում լավ ընտրություններ ենք ակնկալում: Եվրոպական միությունը շատ բան է արել, որպեսզի օգնի կառավարությանը, ընտրական հանձնաժողովին ու քաղաքացիական հանրությանը՝ ձգտելու ավելի լավ չափանիշների, և մենք դա արել ենք աննախադեպ կերպով: Եվրոպայի հարևան որևէ այլ երկրում Եվրամիությունը չի ներդրել այդքան գումար ու քաղաքական աջակցություն, օգնելու՝ կազմակերպել լավ ընտրություններ: Այսպիսով՝ Հայաստանն, ինչ-որ առումով, արտոնյալ վիճակում է»,- մանրամասնեց դեսպանը:

Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի, ընտրությունների կազմակերպման համար Եվրամիությունը տրամադրել է 7 միլիոն եվրո, որից 4 միլիոնը՝ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման համար: Եվս 2 միլիոն եվրո էլ տրամադրվել է ընտրական տեղամասերի 95 տոկոսում տեսախցիկների տեղադրման և ուղիղ հեռարձակում ապահովելու համար: Շուրջ 1 միլիոն եվրո ԵՄ-ն, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ, տրամադրել է դիտորդական առաքելությանն ու ընտրական այլ գործառույթների աջակցմանը:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք նման մեծածավալ աջակցությունը Եվրամիությանը չի խանգարի՝ օբյեկտիվ գնահատել ընտրությունների արդյունքները, դեսպան Սվիտալսկին պատասխանեց՝ «Հանձնառության այն աստիճանը, հատկապես ֆինանսական հանձնառությունը, մեզ նույնիսկ ավելի օբյեկտիվ է դարձնում նախընտրական ու հետընտրական շրջաններում, որովհետև մենք պետք է լինենք շատ ուշադիր, պետք է ուշադրություն դարձնենք այն ամենին, ինչ տեղի է ունենում: Հետևաբար՝ այս հանձնառությունը լծակ է մեր նկատմամբ՝ լինելու ավելի օբյեկտիվ, ավելի վերլուծական մեր մոտեցման մեջ»:

Եվրամիության ներկայացուցիչը վստահեցնում է՝ իրենք նման օժանդակություն չէին ցուցաբերի, եթե վստահ չլինեին, որ այս անգամ ավելի որակյալ ընտրություններ են լինելու, քան նախկինում եղածները: «Այս պահին մենք կարող ենք լավատեսորեն ասել, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան ավելի շատ համոզվածություն ու վստահություն ու պետք է խրախուսված լինեն՝ ընտրություններին գնալու համար, հավատալով, որ այս անգամ նրանց ձայնը հաշվի է առնվելու»,- ասաց ԵՄ դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին այսօր մասնակցում էր առավելապես Եվրամիության ֆինանսական աջակցությամբ ստեղծված «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսին: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները դիտորդների թվով աննախադեպ է լինելու, և հնարավոր է՝ հաջողվի վերահսկել ընտրությունները Հայաստանի բոլոր 2000 տեղամասերում, ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացի դիտորդ»-ի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:

«Նախատեսում ենք իրականացնել աննախադեպ դիտորդական ծրագիր, ծածկելով Հայաստանի տեղամասերի մոտ 75 տոկոսը: Ծրագրով նախատեսված է 3000 դիտորդի մասնակցություն, բայց մենք մտածում ենք, և կարծում եմ, որ բավական իրատեսական է՝ ունենալ 4000-ից ավելի դիտորդ և ծածկել հանրապետության բոլոր տեղամասերը: Համենայն դեպս՝ համապատասխան ռեսուրսների և պատրաստված դիտորդների համապատասխան թվի առկայության դեպքում դա կկարողանանք անել»,- ասաց Լուսինե Հակոբյանը:

Նախաձեռնության անդամները հիշեցրին, որ նախորդ համապետական ընտրության՝ 2015-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ, նաև դիտորդների աշխատանքի շնորհիվ, աննախադեպ թվով անձինք՝ 56 հոգի դատապարտվեց ընտրախախտում կատարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG