Մատչելիության հղումներ

Պուտին․ Ռուսաստանը Սիրիայում պատերազմում է միջազգային ահաբեկչության դեմ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Կրեմլում հանդիսավոր արարողության ժամանակ, Մոսկվա, 23-ը փետրվարի, 2017թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Կրեմլում հանդիսավոր արարողության ժամանակ, Մոսկվա, 23-ը փետրվարի, 2017թ․

Ռուսաստանի նախագահը հինգշաբթի օրը մեկ անգամ ևս կրկնել է, որ Սիրիայում Ռուսաստանը պատերազմում է ահաբեկիչների դեմ:

Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի սպայակազմի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում իսլամիստ գրոհայինների շարքերում են շուրջ 4 հազար ռուսաստանցիներ և ևս 5 հազար զինյալ նախկին խորհրդային հանրապետություններից:

Հյուսիսային նավատորմը մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին, և Պուտինը երեկ ասել է, որ այն կատարել է իր առջև դրված խնդիրները:

«Դուք մեծ վնաս եք հասցրել ահաբեկչական խմբավորումներին և նրանց ենթակառուցվածքներին», - նշել է Ռուսաստանի նախագահը՝ ընդգծելով, որ Սիրիայում մարտական գործողությունների ժամանակ ռուսական ռազմական ստորաբաժանումների հաջողությունների շնորհիվ է հնարավոր դարձել ստեղծել պայմաններ սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցությունները շարունակելու համար:

Նա մեկ անգամ ևս հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի, ինչպես և միջազգային հանրության համար չափազանց կարևոր է վերջ տալ ահաբեկչությանը Սիրիայում: Իսկ ինչ վերաբերում է սիրիական ճգնաժամի կարգավորմանը՝ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը սիրիացիների գործն է, և պետք է այնպես անել, որ խնդրի կարգավորմանը չխառնվեն դրսի ուժերը:

Իսկ Ռուսաստանի խնդիրը պատերազմն է ահաբեկչական խմբավորումների դեմ, վստահեցրել է Պուտինը՝ շեշտելով, որ ռուսական զինված ուժերը Սիրիայում հենց դրանով են զբաղված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG