Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը փետրվարի 22-23-ը Հայաստանում է՝ գնահատելու ընտրարշավը և քաղաքական մթնոլորտը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ: «Ազատությունը» զրուցել է պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի Պասքիեի հետ:
«Ազատություն»․ - Տիկին Պասքիե, շնորհակալություն այս հնարավորության համար, ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում նախընտրական մթնոլորտը:
Պասքիե․ - Չեմ կարող ասել, որ կարծիք ունեմ․․․ պարզապես կարող եմ ասել, թե մենք ինչ մտադրություններ ունենք, ինչպես ենք աշխատելու: Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների հետ՝ փորձելով ավելի լավ պատկերացում կազմել իրավիճակի մասին:
Մեր զեկույցը լինելու է այս նոր ընտրական օրենսգրքի մասին, որպեսզի ավելի լավ նախապատրաստվենք մեր առաքելության հաջորդ քայլին, երբ նորից կվերադառնանք այստեղ՝ 32 անդամներից բաղկացած ամբողջական պատվիրակության հետ ընդրությունները դիտարկելու:
«Ազատություն»․ - Ինչի վրա եք կենտրոնանում մասնավորապես Ձեր դիտորդական առաքելության շրջանակում:
Պասքիե․ - Ինչպես սովորաբար լինում է՝ այս անգամ էլ, իհարկե, կհետևենք ընտրությունների ընթացքին, կդիտարկենք՝ արդյո՞ք մասնակցող քաղաքական ուժերին հնարավորություն տրվում է արտահայտելու իրենց կարծիքները, գաղափարները, և արդյո՞ք մարդիկ հնարավորություն ունեն կատարելու իրենց ընտրությունը:
«Ազատություն»․ - Ինչպես ասացիք, հանդիպել եք ընտրությունների հիմնական դերակատարների հետ: Արդյո՞ք ընդդիմության ներկայացուցիչներն ինչ-որ մտահոգություններ փոխանցել են:
Պասքիե․ - Թերևս պետք է այդ մասին իրենց հարցնել: Իհարկե, ընդդիմությունը, ինչպես ցանկացած այլ երկրում, իշխող կուսակցությանը մեղադրում է որոշ հարցերում: Դա պարզապես քաղաքականություն է, դա ինքնին չի ենթադրում, որ խնդիր կա: Բայց, հաշվի առնելով այն փաստը, որ Ընտրական օրենսգիրքը վերջերս է փոխվել, դա մեծ մարտահրավեր է՝ այս նոր օրենսգրքի կիրառման առումով: Եվ կարծում եմ, որ բոլոր կուսակցությունները՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխող կուսակցությունը, հույս ունեն, որ ամեն ինչ լավ կանցնի:
«Ազատություն»․ - Ես կարող եմ բերել օրինակներ: Ընտրություններից մեկ ամիս առաջ ընդդիմադիրները և մամուլը բարձրաձայնում են ընտրակաշառքի, ընտրողների ցուցակներում աճպարարությունների մասին: Իշխանությունների հետ այս խնդիրները քննարկե՞լ եք:
Պասքիե․ - Այո, մենք լսել ենք այդ մասին ու խոսել ենք իշխանությունների հետ: Տեսնենք՝ ինչ տեղի ունենա:
«Ազատություն»․ - Կարծում եք կա՞ն հավասար մրցակցային պայմաններ, եթե շատերը ահազանգում են, որ իշխող կուսակցությունն իր վարչական ռեսուրսներն է գործի դնում:
Պասքիե․ - Իհարկե մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան, բայց երբ նոր ընտրական օրենսգիրք ես գրում և օրենքում ամեն ինչ կարգին է, պետք է քաղաքական կամք դրսևորես, որպեսզի կյանքի կոչես օրենքում գրվածը և արդար ընտրություններ անցկացնես: Դա կարող է դիտարկվել միայն ընտրություններից հետո:
«Ազատություն»․ - Օրինակ՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գլխավորում է կուսակցական ցուցակը:
Պասքիե․ - Ես այստեղ չեմ եկել գնահատականներ տալու համար: Ես դիտորդ եմ: Կրկին ասեմ՝ նախընտրական առաքելության նպատակն էր ընդամենը նախապատրաստել առաջիկա դիտորդական առաքելության աշխատանքը: Այդ իսկ պատճառով այս պահին ես ոչինչ չունեմ ասելու՝ դեռ չափազանց վաղ է: Ընտրությունները դեռ տեղի չեն ունեցել, նախընտրական արշավը չի մեկնարկել, այնպես որ՝ եկեք սպասենք, տեսնենք թե առաջիկա 3-4 շաբաթներին ինչ տեղի կունենա, և ինչ կլինի ընտրությունների օրը: Այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել, այս պահին դա կարող է նույնիսկ խանգարել գործին:
Բայց, իհարկե, ընտրություններից հետո ես կներկայացնեմ իմ և իմ թիմի դիտարկումների արդյունքները:
«Ազատություն»․ - Եվ վերջին հարցը՝ ի՞նչ ուղերձ ունեք այն մարդկանց, ովքեր սպասում են փողի իրենց ձայնի դիմաց:
Պասքիե․ - Կարծում եմ՝ ամեն քաղաքացի պատասխանատվություն է կրում ընտրություն կատարելու և Հայաստանը այնպիսի երկիր դարձնելու համար, որտեղ բոլորն ուզում են ապրել, աշխատել, որովհետև սա շատ գեղեցիկ երկիր է: