Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կայացել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների բարձր մակարդակի բանակցությունները


Կարեն Կարապետյան և Գիորգի Կվիրիկաշվիլի, Թբիլիսի, 23-ը փետրվարի, 2017 թ․

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին և դրանց զարգացման հեռանկարներին:

Հայաստանի կառավարության կայքէջի փոխանցմամբ, վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Վրաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է, որ վերջին տարիներին հայ-վրացական փոխհարաբերություններն աչքի են ընկնում դրական առաջընթացով և ավելացրել, որ նման բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով:

«Մենք պատրաստակամ ենք խորացնել տարածաշրջանային համագործակցությունը, ակտիվացնել առևտրաշրջանառությունն ու օգտագործել առկա ողջ ներուժը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության հետագա խորացումը և զարգացումը:

Կարեն Կարապետյանն իր հերթին նշել է, որ «Հայաստանը և Վրաստանը պատմական խորը արմատներ ունեն»: «Այսօր երկկողմ հարաբերություններում մենք թևակոխել ենք համագործակցության նոր փուլ: Հայ-վրացական համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչը մեր հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գրավականն է: Մեր պատվիրակությունը պատրաստակամ է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային զարգացման տեսանկյունից և կփորձենք գտնել համագործակցությունն առավել ակտիվացնելու նոր ուղիներ»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ տնտեսական համագործակցության ոլորտում լիովին չի օգտագործվում առկա ողջ ներուժը՝ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշների աճին: Երկու վարչապետերը քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում համագործակցության մակարդակից և կարևորել տրանսպորտային հաղորդակցության բնագավառում հետագա զարգացման հեռանկարները: Կողմերը կարևորել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը: Ծրագրերի և առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին և այն որպես երրորդ երկրների շուկաներն ավելի հասանելի դարձնելու հարթակ օգտագործելու հնարավորությունը:

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալության միջև կնքվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG