Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, որին մասնակցել են վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարները, ներկա է եղել նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, Գասպարյանը, վերլուծելով մարզի իրավապահների գործունեությունը, անդրադարձել է որոշ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ առկա թերացումներին և կարևորել գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործման անհրաժեշտությունը:
Ոստիկանապետը գործնական պարապմունքների նշանակությունը կարևորել է նաև Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանական պատշաճ ծառայություն կազմակերպելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ուղեցույցների յուրացմանը, ինչի շնորհիվ ծառայության պատրաստվող ոստիկանները լիարժեք կտիրապետեն իրենց իրավունքներին ու պարտականություններին:
Գասպարյանը հանձնարարել է օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները իրավախախտումները բացառելու, օրենքի գերակայությունն ապահովելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: Նա ընդգծել է նաև պատասխանատվությունը հանրային փոխըմբռնում ու հանդուրժողականություն ապահովելու գործում: