Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ից Աշոտ Պետրոսյանի փաստաբանը ահազանգում է, ՔԿՎ-ն պատասխանում է


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, արխիվ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, արխիվ

Անցած ամռանը Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի փաստաբանն ահազանգում է՝ իր պաշտպանյալին տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի այնպիսի խուց, որտեղ չկան տարրական պայմաններ։

Արայիկ Պապիկյանը հայտարարում է, որ երեկ այցելել է բանտ, որտեղ էլ Պետրոսյանը պատմել է նոր խցի մասին։ «Խցում ջուր չկա, պատուհանի ապակիներից մեկը ջարդված է, գիշերը խցի ներսում եղել է չափազանց ցուրտ: Պատուհանի ճեղքերը փակելու նպատակով կալանավորները դրանք փակել են իրենց ձեռքի տակ եղած տարբեր իրերով: Օրվա (փետրվարի 21-ի) ընթացքում մեկ անգամ ջուր է եղել, այն էլ մի քանի կաթիլ: Խցի մյուս պայմանները «համահունչ են» վերը ներկայացված պայմաններին», - տարածած հայտարարությունում Պետրոսյանի պատմածն է փոխանցում նրա փաստաբանը։

Պապիկյանը քննադատում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը, շեշտելով՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին Աշոտ Պետրոսյանը ոտքի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել, նա չի կարողանում ոտքը լիարժեք ծալել, կքանստել, և «անձի նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող ավելի ցցուն դրսևորում հնարավոր չէ պատկերացնել»:

«Եթե Աշոտ Պետրոսյանին «Նուբարաշեն» տեղափոխելը և N խցում տեղավորելու նպատակը եղել է նրան խոշտանգելը, ապա «պլանի» հեղինակներին դա լիովին հաջողվել է», - գրում է փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը (ՔԿՎ), մինչդեռ, պատասխան հաղորդագրությունում նշում է, որ ծխող կալանավորված անձինք իրենք են խուցը օդափոխելու նպատակով պատուհանի մի հատվածի ապակին փոխարինել ստվարաթղթով, «ինչը ժամանակին նկատվել և վերստին բերվել է նախնական վիճակի»։

«Ինչ վերաբերում է խցում ջուր չլինելու ահազանգին, ապա տեղեկացնենք, որ ջրի հոսքի ընդհատում չի եղել. առկա է ընդամենը հոսքի դանդաղ լինելու խնդիր` կապված ճնշման տատանման հետ, ինչն այս պահին փորձ է արվում լուծել», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG