Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան․ «Ոչ մի բանից չեմ վախենում»


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, 17-ը փետրվարի, 2017թ․
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, 17-ը փետրվարի, 2017թ․

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը բացառիկ հարցազրույց է տվել «Ազատությանը»․

«Ազատություն»․ - Պարոն Օհանյան, գնահատական էի Ձեզանից խնդրում: Մամուլը անընդհատ գրում է, որ կարող է Ձեր դեմ քրեական գործեր հարուցվեն՝ բանակում չարաշահումների հետ կապված, ընդհուպ անգամ գրեցին, որ կարող է զինված խմբի բացահայտման շրջանակներում Ձեր անունը կապվի: Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ի վերջո, Ձեր այս քաղաքական գործունեության արդյունքում Ձեր դեմ քրեական գործ հարուցվի:

Օհանյան․ - Ես ընդհանուր առմամբ ոչ մի մտավախություն չունեմ ոչ մի բանից, որովհետև գտնում եմ, որ ես իմ ծառայությունը իմ երկրին, իմ հայրենիքին տարել եմ արդար, եթե ինչ-որ խնդիրներ լիներ, ապա այդ խնդիրները ժամանակին կբարձրաձայնեին: Ես ոչ մի բանից, ոչ մի երևույթից և այլն, չեմ վախենում և գտնում եմ, որ դա շահարկումներ է: Ընդհանուր առմամբ այսօր լրատվական դաշտը լցված է տարբեր մեկնաբանություններով, և հիմնական թիրախը ես եմ հանդիսանում: Գտնում եմ, որ դա նաև բարոյականությունից մի քիչ զուրկ երևույթներ են, ճիշտ չեն:

«Ազատություն»․ - Իսկ ինչո՞ւ են հենց Ձեզ թիրախավորել, ի՞նչ եք կարծում:

Օհանյան․ - Որովհետև, կարծում եմ, որ մենք միակ ուժն ենք, որը որ գտնվում է վերահսկողությունից դուրս, գործում է ինքնուրույն, գործում է բացառապես գաղափարներից ելնելով և գործում է ի շահ մեր ժողովրդի:

«Ազատություն»․ - Պարոն Օհանյան, այսինքն՝ Դուք բացառում եք, որ կարող են գտնել ինչ-որ մի բան, որի շրջանակներում կարող է Ձեր դեմ քրեական գործ հարուցվել, այսինքն՝ Դուք որևէ չարաշահման մեջ ներգրավված չեք եղել, և Ձեր անունը անհնար է կապել:

Օհանյան․ - Ես չգիտեմ իրենք ինչ են փնտրում, համենայն դեպս՝ նույն այն աշխատատեղում, որտեղ որ ես երկար տարիներ իմ ծառայությունը տարել եմ, փնտրողներից մեկը ես եմ եղել և ամենաշատ փնտրողը ես եմ եղել և ամենաշատը ես եմ բացահայտել: Գոյություն ունի քաղաքացիական վերահսկողություն Զինված ուժերի նկատմամբ հասկացությունը, որի մի մասը իրականացրել է պաշտպանության նախարարի ենթակա վերահսկողական ծառայությունները՝ վերահսկիչ վարչությունը, Ռազմական ոստիկանությունը, ներքին աուդիտի վարչությունը, և հիմնականում իմ գործունեության մի մասը ես նվիրել եմ հենց կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարին:

«Ազատություն»․ - Ամեն դեպքում, ի՞նչ եք կարծում, իշխանությունը կգնա՞ նման քայլի, այսինքն՝ փորձի գտնել ինչ-որ մի բան՝ Ձեր քաղաքական գործունեությունը զսպելու նպատակով:

Օհանյան․ - Ես, գիտե՞ք, իրենց էսօր չեմ վերահսկում, դա իրենց խնդիրն է, իրենց պրոբլեմներն են՝ թող իրենք էլ մտածեն:

«Ազատություն»․ - Այս հրապարակումները զգուշացումներ չե՞ն Ձեզ համար, կարո՞ղ են զսպող դեր ունենալ Ձեզ համար, թե՞, միևնույն է, Դուք գնալու եք մինչև վերջ:

Օհանյան․ - Ի՞նչ է նշանակում՝ գնալ մինչև վերջ: Եթե մենք սկսել ենք մեր գործունեությունը, իհարկե, պետք է ավարտին հասցնենք:

«Ազատություն»․ - Քանի որ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ զգուշացրեց Զինված ուժերի ղեկավար սպայական կազմին, որ նրանք, ովքեր կփորձեն նախընտրական քարոզարշավում ներգրավվել, խստորեն կպատժվեն: Սա ո՞ւմ էր ուղղված, Ձեր կարծիքով, և տեսնո՞ւմ եք այստեղ մեսիջ՝ հենց Ձեզ ուղղված, հաշվի առնելով, որ Դուք Ձեր տեսաուղերձներում հաճախ եք դիմում Ձեր զինակից ընկերներին:

Օհանյան․ - Ուրեմն, ես այսօր, հաշվի առնելով բոլոր խնդիրները, Զինված ուժերի քաղաքական չեզոքության պահպանումը, Զինված ուժերի անձնակազմի հետ որևիցե մի կապ չունեմ՝ չնայած որ նրանք բոլորն էլ իմ ծառայակից ընկերներն են, այդ ամենը հաշվի առնելով: Մնացածը պետք է իրենցից հարցնել:

«Ազատություն»․ - Իսկ ո՞ւմ էր ուղղված, Ձեր կարծիքով, Սերժ Սարգսյանի այդ զգուշացումը:

Օհանյան․ - Սերժ Սարգսյանի․․․ իրենցից կարող եք հարցնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG