Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Արցախի ժողովուրդը կրկին անգամ ի ցույց դրեց, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր կամքն անշրջելի է»


«Փետրվարի 20-ին կայացած սահմանադրական հանրաքվեի միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: Սահմանադրական ներկա հանրաքվեն նպատակ է հետապնդում ընտրություն կատարել կառավարման այն համակարգի օգտին, որը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն առավել համապատասխան է համարում իր կարիքներին»,- մեկնաբանելով ԼՂ-ում կայացած սահմանադրական հանրաքվեն, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Ողջունելի է, որ երեք տասնյակ երկրներ ներկայացնող հարյուրից ավել միջազգային դիտորդների կողմից հանրաքվեն գնահատվել է որպես լավ կազմակերպված, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան։ Հիմնարար ազատությունների կիրառումը համընդհանուր իրավունք է, որը ենթակա չէ սահմանափակման։ Քառորդ դար շարունակ Լեռնային Ղարաբաղում անցկացվում են ժողովրդավարական հասարակությանը բնորոշ գործընթացներ, և Արցախի ժողովուրդն անկասկած վաստակել է իր իրավունքն՝ ապրելու այն նույն համամարդկային արժեքներին համապատասխան, ինչ ազատ ժողովրդավարական աշխարհը։

Արցախի ժողովուրդը կրկին անգամ ի ցույց դրեց, որ ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր կամքն անշրջելի է` չնայած բոլոր դժվարություններին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմամբ, տնտեսական շրջափակմամբ և այլ թշնամական քայլերով։ Պատահական չէ, որ Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացներն ընդունվում են խիստ դժգոհությամբ՝ մարդու իրավունքները ոտնահարող Ադրբեջանում»,- ըստ ԱԳՆ-ից ստացված հաղորդագրոթւյան, նաև նշել է Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG