Մատչելիության հղումներ

ԼՂ-ն անցավ նախագահական կառավարման․ հրապարակվեցին հանրաքվեի նախնական արդյունքները


Լեռնային Ղարաբաղ - Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում, 20-ը փետրվարի, 2017թ․

Այսօր կեսօրին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրապարակեց հանրաքվեի նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 76.5 տոկոսը: Տեղի օրենսդրության համաձայն, որպեսզի հանրաքվեն համարվի կայացած հարկավոր է, որպեսզի քվեարկությանը մասնակցեն ընտրողների առնվազն մեկ երրորդը:

Սրբուհի Արզումանյանի ներկայացրած տվյալներով, քվեարկության մասնակցած քաղաքացիների 87.6 տոկոսը կողմ է արտահայտվել նոր Սահմանադրությանը, և փաստորեն ըստ պաշտոնական տվյալների՝ Լեռնային Ղարաբաղն ունի նոր սահմանադրություն և այսուհետ լինելու է նախագահական հանրապետություն:

Հիշեցնենք՝ հանրաքվեի դրված սահմանադրությունում հիմնական փոփոխությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղում կառավարման համակարգը կիսանախագահականից նախագահականի անցում կատարելուն:

ԼՂ Կենտրոնական հանձնաժողովի նախագահը նաև նշեց, որ ընտրախախտումների մասին որևէ գրավոր բողոք չեն ստացել:

Լրագրողների հետ խոսեցին նաև միջազգային դիտորդները՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրենկ Էնգելի նախագահությամբ:

«Հույս ունեմ, որ միջազգային հանրության ավելի շատ ներկայացուցիչներ կընդունեն, որ Հարավային Կովկասի այս հատվածում մարդիկ ազատորեն ընտրություն են կատարում, եթե մարդը այստեղ տարբերվող կարծիք ունի, կարող է քարոզարշավի ժամանակ բարձրաձայնել դա, և դրա համար բանտ չի գնում, ինչպես կլիներ այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա», - հայտարարեց Էնգելը:

«Ինձ թվում է՝ Արցախի ժողովուրդը համոզիչ «այո» է ասել, երկրում տարբեր կարծիքներ կան, բայց ընդհանուր արդյունքը կասկած չի թողնում, որ երեկ մարդկանց առաջարկված տարբերակը և նրանց ուզածը նույն բանն էր: 86 տոկոսը «այո»-ն ասաց: Եթե այս երկրի ընտրողների երկու երրորդից ավելին ասել է՝ «այո», ապա նոր սահմանադրության լեգիտիմությունը ոչ մի դեպքում չի կարող կասկած առաջացնել», - հավելեց պատգամավորը:

Ֆրենկ Էնգելի գնահատմամբ, տեխնիկական առումով Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեն նման էր Եվրոպայում տեղի ունեցող քվեարկություններին և Եվրախորհրդարանի պատգամավորները որևէ խնդիր, փաստ չէին նկատել: - «Գործընթացը, որին ականատես եղանք, այնտեղ որտեղ ես եմ եղել՝ Ստեփանակերտում, Ասկերանում և Մարտունիում, մյուս գործընկերներս այլ վայրերում են եղել, ոչ մի խնդրահարույց բան չենք նկատել: Ընտրական գործընթացը հանգիստ է անցել, և մեծամասամբ համապատասխանել է տեխնիկական չափանիշներին, որ կարող եք տեսնել օրինակ Արևմտյան Եվրոպայում կամ այլուր», - մեկնաբանեց Եվրախորհրդարանի պատգամավորը, - «Կուզենայի նշել, որ մասնակցության ցուցանիշը բավականին նշանակալի է մի երկրում, որն ի տարբերություն իմ երկրի, չունի պարտադիր քվեարկություն, մարդիկ իրենք են որոշում՝ գնալ քվեարկության, թե ոչ, և եթե ընտրողների երեք քառորդը քվեարկում են, դա նշանակում է, որ մարդիկ լրջորեն են վերաբերվում ընտրական գործընթացին, սա կարևոր է իրենց համար»:

Ստեփանակերտում լրագրողներին հանդիպեցին նաև Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցիչները: Հայաստանի Ազգային ժողովը բազմակուսակցական դիտորդական առաքելություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Շարմազանովը ներկայացրեց ողջ հանձնաժողովի տեսակետը: - «Այս հանրաքվեն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Արցախը շարժվում է ժողովրդավարության ճանապարհով և հանրաքվեն կարող է օրինակ լինել տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ապրիլյան իրադարձություններից հետո սա Արցախում տեղի ունեցած առաջին համապետական միջոցառումն էր, և Արցախի հանրությունը միասնաբար ցույց տվեց, որ անկախ ցանկացած ռազմական ավանտյուրայից, ինքը անշեղորեն գնալու է ազատ ու անկախ երկիր կառուցելու ճանապարհով», - նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG