Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից


Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդիպում են Մոսկվայում, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները հանդիպում են Մոսկվայում, արխիվ

Վաղը՝ փետրվարի 22-ին, Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Նալբանդյանը Ռուսաստանի մայրաքաղաքում է պաշտոնական այցով:

Այցի նախօրեին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը, որում մասնավորապես ընդգծել է․ - «Առանց Ստեփանակերտի ուղղակի մասնակցության բանակցություններին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը հնարավոր չէ: Սա շատ լավ հասկանում ու այս մասին բարձրաձայնում են միջնորդները»:

«Ադրբեջանական կողմը պարզապես ձևացնում է՝ իբր թե չեն հասկանում, գլուխները ավազի մեջ են մտցնում։ Թեև բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որ քննարկվել են վերջին տարիներին, ամրագրված է ղարաբաղյան կողմի մասնակցությունը համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին», - նշել է նա:

Նալբանդյանն ընդգծել է, որ տարածաշրջան այցերի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ։

«Լեռնային Ղարաբաղը ռեալ ընդգրկված է բանակցային գործընթացում, սակայն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով չկան ուղիղ բանակցություններ ղարաբաղյան և ադրբեջանական կողմերի միջև», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ռուսական գործակալությանը տված հարցազրույցում Էդվարդ Նալբանդյանը նաև հայտարարել է՝ Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից։ Հայաստանը, ասել է նա, ստիպված է ջանքեր գործադրել ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար:

«Ինչի՞ է հասել այս տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այն հաջողություններ գրանցե՞լ է», - այս հարցին Նալբանդյանը արձագանքել է․ - «Չեմ կարծում, որ անգամ հարցի տեսքով արդարացված է վիճարկել եռանախագահների աշխատանքի արդյունավետությունը։ Դա անում է ադրբեջանական կողմը»։

Մեկ այլ հարց՝ «Եթե Ադրբեջանը ձեռնարկի ռազմական ներխուժում, Դուք կդիմե՞ք ՀԱՊԿ։ Եվ ի՞նչ եք կարծում, նրանք կօգնե՞ն»: Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է․ - «Չեմ կարծում, որ Ձեր հարցով Դուք կասկածի տակ եք դնում ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները»։

Հարցին էլ՝ «Ռուսաստանը կարո՞ղ է միջնորդ հանդիսանալ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում», Էդվարդ Նալբանդյանը արձագանքել է, որ հայ - թուրքական հարաբերություններում «խնդիրը միջնորդների մեջ չէ, այլ նրանում, որ Թուրքիան խախտել է միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից մեկը՝ pacta sunt servanda՝ պայմանագրերը պետք է հարգվեն»։

Եվ ևս մեկ հարց․ - «Հայաստանը նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններ է վարում ԵՄ հետ։ Ե՞րբ է նախատեսվում դրա ստորագրումը»։ Այս հարցին Նալբանդյանը հստակ պատասխան չի տվել:

Հավելենք, որ առաջիկայում Մոսկվայի հրավերով կկայանա նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնական այցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG