Մատչելիության հղումներ

Փենս. «Ամերիկան միանշանակ սատարում է միացյալ և ինքնիշխան Եվրոպային»


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի համատեղ ասուլիսը Բրյուսելում, 20-ը փետրվարի, 2017թ.

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հանդիպումը, որից հետո Եվրամիության բարձրագույն քաղաքական կառույցի ղեկավարն ասել է, որ վստահ կարելի է փաստել. Վաշինգտոնի նոր վարչակազմն անվերապահորեն սատարում է եվրոպացիներին:

Փոխնախագահ Փենսն ասել է, որ Ամերիկան միշտ պատրաստ է օգնել Եվրոպային: Նա խոսել է նաև Ռուսաստանի քաղաքականությունից Արևմուտքի համար բխող մարտահրավերների մասին:

«Ակնհայտ է, որ մենք պարտավոր ենք վճռական լինել եվրոպական երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում: Հաշվի առնելով միջազգային սահմաններն ուժով փոխելու Ռուսաստանի ձգտումները, մենք կշարունակենք Լեհաստանին և Բալթյան երկրներին աջակցել ՆԱՏՕ-ի «Հզորացված առաջավոր ներկայության» նախաձեռնության միջոցով», - ասել ԱՄՆ փոխնախագահը:

Բրյուսելում Փենսը Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարներին հավաստիացրել է, որ Ամերիկան հավատարիմ է եվրոպացի դաշնակիցներին:

Խոսելով Ուկրաինայի մասին՝ փոխնախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել և պահանջել կատարել Մինսկի համաձայնությունները:

«Մենք երկու կողմերին հորդորում ենք հարգել հրադադարը, հանուն խաղաղության և հանուն հակամարտության գոտում ապրող անմեղ մարդկանց աղոթում ենք հրադադարի համար և հուսով ենք, որ այն կհաստատվի», - ասել է Փենսը:

Դոնալդ Տուսկը քննարկումներից հետո ասել է, որ գոհ է Մայք Փենսի հետ հանդիպումից:

«Շնորհակալ եմ հանդիպման համար, այն մեզ իսկապես անհրաժեշտ էր, շատ բան է պատահել ձեր երկրում և Եվրամիությունում անցած ամիսներին, երբեմն զարմանալի ընդդիմադիր տեսակետներ են հնչեցվել, չենք կարող ձևացնել, թե ամեն ինչ այնպես է, ինչպես նախկինում էր: Շնորհակալ ենք, պարո՛ն փոխնախագահ, մեզ հետ բաց և ազատ զրուցելու համար», - ասել է Տուսկը:

Եվրոպական խորհրդի ղեկավարի փոխանցմամբ՝ ինքը Փենսից լսել է «քաջալերող բացատրություններ, որոնք պարզաբանում են Վաշինգտոնի նոր վարչակազմի մոտեցումները»:

ԱՄՆ փոխնախագահը երեկ Բրյուսելում ասել է նաև, որ «Ամերիկան պատասխանատվության է կանչելու ռուսներին, բայցև կշարունակի որոնել այդ երկրի հետ համագործակցության նոր եզրեր, ինչը նախագահ Թրամփի համոզմամբ լուծելի գաղափար է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG