Հայաստանի նախկին արտգործնախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանյանի որդուն՝ Ա. Օսկանյանին ու նրա զարմիկ Հ. Սիրադարյանին մեղադրանքներ են առաջադրվել՝ մարդուն առևանգելու համար: Քննիչի որոշմամբ` որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ, քաղաքացի Ն.Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, առևանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ և պահանջել վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ։
Ըստ քրեական գործի տվյալների՝ տուժողը խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական ընկերության՝ իր խաղային հաշվեհամարին գտնվող Հ.Սիրադարյանի և Ա.Օսկանյանի գումարներով (մոտ 1 .650 հազար դրամ) և պարտվել։
Նախաքննությունը շարունակվում է: Քննություն է տարվում՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման ուղղությամբ։