Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացրած փաստաթղթերը, ինչի արդյունքում, դատախազության հաղորդագրության համաձայն, պարզվել է, որ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից 2014 թվականին կատարված գույքագրմամբ նույն ՊՈԱԿ-ին պատկանող, Գյումրու տարածքային կենտրոնում արձանագրվել է ընդհանուր առմամբ՝ 5.074.372 ՀՀ դրամի նյութական մնացորդների պակաս»:
Արձանագրված պակասորդի վերաբերյալ գույքագրման հանձնաժողովի նախագահի կողմից զեկուցագիր է ներկայացվել ՊՈԱԿ-ի տնօրենին, սակայն պակասորդի հանգամանքները պարզելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել, ասված է հաղորդագրությունում:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («յուրացում կամ վատնում՝ առանձնապես խոշոր չափերով») և 308-րդ հոդվածի 1-ին մասով («պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին: