Մատչելիության հղումներ

Նալբանդյանը և Զանիերը կարևորել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրագործումը


Էդվարդ Նալբանդյան և Լամբերտո Զանիեր, արխիվ
Էդվարդ Նալբանդյան և Լամբերտո Զանիեր, արխիվ

Մյունխենում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։

Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը վերաբերող խնդիրներին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանը Զանիերին է ներկայացրել նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ ունեցած հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մյունխենում հանդիպումներ է ունեցել նաև միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի, Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դունկանի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ-Ղեյթի և Բահրեյնի արտգործնախարար Խալեդ բեն Ահմեդ բեն Մոհամեդ Ալ Խալիֆայի հետ։

Նալբանդյանը և Ավրամոպուլոսը քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը, անդրադարձել երեք տարի առաջ ուժի մեջ մտած Հայաստանի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի հաջող իրագործմանը, մտքեր փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին առնչվող հարցերի վերաբերյալ:

Ավարտելով այցելությունը Մյունխեն՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվել է Երևան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG