Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին


«Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունը քաղաքական է»,- հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ ձերբակալման նպատակն «իրենց դաշինիքը վարկաբեկելն է»։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Ա. Օսկանյանն ու նրա զարմիկ Հ. Սիրադարյանը ձերբակալվել են երեկ գիշեր՝ մարդուն ազատությունից ապօրինի զրկելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կամ բռնության սպառնալիք գործադրելու կասկածանքով։

Հարուցվել է քրեական գործ։ Ըստ ՔԿ հաղորդագրության, քաղաքացուց ահազանգ են ստացել, որ Ա. Օսկանյանն ու Հ․ Սիրադարյանը փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում Ն. Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել վերադարձնել 1,5 միլիոն ՀՀ դրամի չափով պարտքը:

Ապօրինի որակելով Քննչական կոմիտեի գործողությունները, Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ «1,5 միլիոն դրամի համար Վարդան Օսկանյանի որդին մարդ չէր առևանգի»։ Իրավապահներին դիմած՝ Նժդեհ Բերբերյանի եղբայրը, Հակոբ Բերբերյանը, մինչդեռ, պնդում է՝ իր 18-ամյա եղբորն առևանգել են, այնուհետև 4 հոգով սպառնացել ու գումար են պահանջել։

Հակոբ Բերբերյանի խոսքով, սակայն, բուն խնդիրը ոչ թե Օսկանյանի որդուն է առնչվում, այլ նրա 17-ամյա զարմիկին: Վերջինս, ըստ Բերբերյանի, անչափահաս լինելու պատճառով իր եղբոր անունով է բուքմեյքերական կայքում գրանցվել, խաղադրույքներ կատարել ու տանուլ տվել 1,5 միլիոն դրամից մի քիչ պակաս գումար: Իսկ հետո այդ գումարը նա պահանջել է Նժդեհ Բերբերյանից:

Այս միջադեպի ու իր որդու ձերբակալության վերաբերյալ առայժմ հրաժարվում է մեկնաբանություններով հանդես գալ Վարդան Օսկանյանը։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ երկու ձերբակալվածներն էլ առայժմ հրաժարվում են ցուցմունքներ տալուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG