Փետրվարի 17-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նիստին մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների և կենտրոնական ապարատի ծառայությունների ղեկավարներ:
Մանրամասնելով ընտրությունների շրջանում ոստիկանության առանցքային խնդիրներն ու գործառույթները՝ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է, մասնավորապես, իրավախախտումների հնարավոր դրսևորումների վրա և տվեց կոնկրետ հրահանգներ:
Նիստի ընթացքում քննարկվել են օպերատիվ շտաբի կազմում ձևավորված աշխատանքային խմբերի գործառույթները, ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցը, ընտրացուցակների կատարելագործման գործընթացը և մի շարք այլ հարցեր:
Աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրել են արդեն իսկ կատարված աշխատանքը և առաջիկա անելիքները:
Օպերատիվ շտաբի նիստի ավարտին ըստ գործառութային ոլորտների տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: