Վաշինգտոնը կհամագործակցի Մոսկվայի հետ, սակայն միայն այն դեպքում, երբ դա կբխի Ամերիկայի շահերից՝ ժամեր առաջ Գերմանիայում հայտարարեց ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարը՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո:
Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի թիվ մեկ դիվանագետներն այսօր առաջին դեմ առ դեմ հանդիպումն անցկացրին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում: Հանդիպմանն, ի դեպ, պետքարտուղարին ուղեկցում էր Հայաստանում Ամերիկայի նախկին դեսպան, այժմ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի պաշտոնակատար Ջոն Հեֆերնը:
«Ինչպես ես ընդգծել էին Սենատում իմ թեկնածության շուրջ լսումների ժամանակ, Միացյալ Նահանգները մտադիր է աշխատել Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որտեղ համագործակցությունից կշահի Ամերիկայի ժողովուրդը: Տարաձայնությունների դեպքում Միացյալ Նահանգները կպաշտպանի Ամերիկայի և մեր դաշնակիցների հետաքրքրություններն ու շահերը: Հիմա, երբ մենք փոխհամաձայնության նոր եզրեր ենք փնտրում, ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհարգի իր իսկ ստանձնած մինսկյան պարտավորություններն ու կաշխատի Ուկրաինայում լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ», - ասաց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
«Հանդիպումը պրագմատիկ էր, գործնական, ես կասեի՝ արդյունավետ, այն առումով, որ մենք համադրեցինք մեր տեսլականը, թե ինչպես է պետք առաջ շարժվել այն հարցերի շուրջ, որոնք քննարկել էին մեր նախագահները հունվարի 28-ի հեռախոսազրույցի ժամանակ: Մենք հավաստեցինք, որ կան ընդհանուր հետաքրքրություններ, նախ և առաջ՝ ահաբեկչության դեմ անողոք պայքար մղելու հարցում, և պատրաստակամություն հայտնեցինք այս ոլորտում շփումներ հաստատել, երբ կձևավորվի պետքարտուղարության համապատասխան բաժինը», - իր հերթին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: - «Հասկանալի է, որ մենք չէինք կարող լուծել բոլոր խնդիրները: Կարծում եմ՝ երբեք էլ չենք կարող դա անել, այսպիսի երկու գերտերությունների միջև միշտ կմնան հարցեր: Սակայն մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ այն ոլորտներում, որտեղ մեր շահերը համընկնում են, իսկ այդպիսիք քիչ չեն, մենք պետք է առաջ շարժվենք և ցույց տանք այն դերը, որը տրված է Միացյալ Նահանգներին ու Ռուսաստանին՝ միջազգային ասպարեզում նրանց զբաղեցրած դիրքի շնորհիվ: Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հատուկ ծառայությունների հետ մեր երկխոսության վերականգնումը բխում է երկուստեք շահերից: Մեր մեղքով չէ, որ այն ընդհատվել է և չի զարգանում», - հավելեց նա:
Լավրովը միաժամանակ հավաստիացրեց, թե Ամերիկայի նոր պետքարտուղարը պատրաստակամություն է հայտնել հաղթահարել նախորդ վարչակազմի օրոք երկկողմ հարաբերություններում ստեղծված խոչընդոտները․ - «Ռեքս Թիլերսոնի կողմից հաստատվեց այս փուլն անցնելու, և արհեստածին ու անհեթեթ խնդիրները հաղթահարելու պատրաստակամությունը՝ ընդունելով հանդերձ, որ երկկողմ հարաբերություններում, անշուշտ, մնալու են հարցեր, որոնք համաձայնեցման կարիք ունեն և որ մեկ հանդիպմամբ մենք բոլոր տարաձայնությունները չէինք կարող հաղթահարել»:
Լավրովը նաև տեղեկացրեց, որ Թիլերսոնի հետ պայմանավորվել են շարունակել հանդիպումները: - «Առաջիկա ամիսներին մենք նման մի շարք հնարավորություններ կունենանք՝ ասաց Ռուսաստանի արտգործնախարարը, ընդգծելով՝ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կկազմակերպվի, երբ երկու երկրների նախագահները այն հնարավոր համարեն:
Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ավարտին Լավրովն այդպես էլ որևէ բառ չասաց ուկրաինական ճգնաժամի ու այս հարցում ամերիկյան վարչակազմի դիրքորոշման մասին, փոխարենն ընդգծեց, թե Վաշինգտոնը պատրաստ է աջակցել սիրիական հակամարտության հաղթահարմանն ու ահաբեկչության դեմ պայքարին: Ավելի վաղ՝ հանդիպման մեկնարկին, լրագրողները հետաքրքրվել էին՝ Ռուսաստանին չե՞ն մտահոգում Վաշինգտոնում հնչող մեղադրանքները Թրամփի վարչակազմի ու Կրեմլի միջև գաղտնի հարաբերությունների, նախագահական ընտրությունների վրա ռուսաստանի ազդեցության մասին:
«Ռուսաստանը չի միջամտում օտար պետությունների ներքին խնդիրներին», - ի պատասխան հայտարարել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը: