Ոգևորությունն անցնում է...
Արևմուտքի փորձագետների կարծիքով, Ռուսաստանի քաղաքական վերնախավի մոտ նկատելի են դժգոհության և խումարի նշաններ՝ ամերիկյան նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով պայմանավորված խանդավառությունը և գերտերության հետ վիճելի հարցերն արագ լուծելու հույսերը, կարծես թե, հօդս են ցնդում:
Թրամփը երեկ խոսել է իր վարչակազմի աշխատանքի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի հրաժարականի, ահաբեկչության դեմ պայքարի և Մոսկվայի հետ կապերի մասին՝ իրական կամ մտացածին:
«Այս ամբողջ ռուսական պատմությունը հորինվածք է, հորինվածք: Ի դեպ, շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք բնականոն հարաբերություններ ունենալ ռուսների հետ»,- ասել է Թրամփը:
Ռուսական սադրանքը՝ հիասթափության հետևանք
Այդուհանդերձ, Թրամփը երեկ դժգոհությամբ է խոսել Ռուսաստանի որոշ քայլերի, մասնավորապես, ամերիկյան առափնյա տարածք ռուսական հետախուզական ռազմանավ ուղարկելու մասին:
Դա, ըստ Միացյալ Նահանգների նախագահի, ռուսական սադրանք է, որին Մոսկվան դիմել է, հասկանալով, որ տեսանելի ապագայում ռուս-ամերիկյան հարաբերություններում բարելավում չի լինի:
«Հավանաբար Պուտինը գիտակցում է, որ ինձ հետ գործարք կնքելու հույս չկա, քանի որ քաղաքական առումով ինձ ձեռնտու չէ գործարքը»,- ասել է Թրամփը և ավելացրել. - «Եթե դուք Պուտինի տեղը լինեիք, հիմա կասեիք՝ ահա, վերադարձանք Ամերիկայի հետ հին խաղին, ընդհանրապես հնարավոր չէ, որ Թրամփը մեզ հետ աշխատի»:
Ռուսների հետ համատեղ բիզնես չկա
Թրամփը նկատել է տվել, որ Միացյալ Նահանգներում գուցե ոմանց կոգևորեր, եթե ինքը առճակատման գնար ռուսների հետ: Երեկվա ելույթում Թրամփը վերստին պնդել է, որ ոչ մի բիզնես շահ չունի Ռուսաստանում:
«Իմ անունից կարող եմ ասել, որ Ռուսաստանում պարտք, վարկ, գործարք չունեմ: Նախագահ Պուտինը զանգահարել և շատ սիրալիր շնորհավորել է ընտրվելու առիթով, ապա նորից զանգահարել և շնորհավորել է երդմնակալության առիթով, բայց դա արել են մեծ թվով ղեկավարներ, աշխարհի գրեթե բոլոր ղեկավարները»,- ասել է Թրամփը:
Սպիտակ տունը նշել է, որ ռուսները պետք է ուկրաինացիներին վերադարձնեն Ղրիմը, կատարեն Մինսկի համաձայնությունը: Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ռուսների հետ հարաբերություններում պետք է կոշտ լինել, այս ամենը չէր կարող հիասթափություն չառաջացնել Մոսկվայում:
Շրջաբերական Կրեմլից՝ ԶԼՄ-ներին
Գերմանական հանրային միջազգային հեռարձակող գործակալությունը՝ Deutsche Welle-ն («Գերմանական ալիք») հրապարակել է ուշագրավ հաղորդագրություն, որի համաձայն, Կրեմլն իշխանամետ ռուսական լրատվամիջոցներին կարգադրել է այլևս չգովաբանել Թրամփին և առնվազն նրան չներկայացնել որպես գործչի, որի նախագահության օրոք Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները կծաղկեն ու կբարգավաճեն:
Ըստ թղթակցի, Համառուսաստանյան հեռուստատեսության և ռադիոյի պետական ընկերության համակարգում գտնվող խմբագրություններին իջեցվել է շրջաբերական՝ ամերիկյան զարգացումների լուսաբանումը նվազագույնի հասցնելու և Թրամփի կերպարին առանձնապես շատ չանդրադառնալու մասին:
Թղթակիցը հղում է անում ընկերության անանուն աշխատակցին, ով ասել է, որ հեռուստաքննարկումների անվանի մասնակիցները առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կսկսեն ասել, թե իրենք միշտ էլ զգուշացրել են, որ չարժե Թրամփի հետ հույսեր կապել, քանի որ Սպիտակ տան ղեկավարի փոփոխությունից Ռուսաստանի հանդեպ Ամերիկայի քաղաքականությունը չի փոխվի:
«Ո՛չ ռուսական մամուլում Թրամփի անձի պաշտամունքին»
Ամերիկայի նախագահի հանդեպ Կրեմլի վերաբերմունքում տեղաշարժի առաջին ազդակը Россия сегодня լրատվական գործակալության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցն էր, որը կազմակերպել է ազգային ազատագրական շարժումը: Պուտինին սատարող և Կրեմլի անուղղակի հովանավորությամբ գործող այդ ակտիվիստներն իրենց համարում են հայրենասերներ:
Stern գերմանական հանդեսի փոխանցմամբ, նրանք չորեքշաբթի օրը հավաքվել էին Россия сегодня-ի շենքի մոտ և պահանջել՝ «ռուսական մամուլում վերջ տալ Թրամփի անձի պաշտամունքին»:
«Թրամփը վտանգավոր է Ռուսաստանի համար»,- հայտարարել է պիկետի կազմակերպիչներից Յուրի Կուզնեցովը: