Մատչելիության հղումներ

Այսօր Բաքվում հանդիպում են ԱՄՆ-ի և Ռուսաստանի գլխավոր շտաբերի ղեկավարները


Իլհամ Ալիևը Բաքվում արդեն հանդիպում է ունեցել Ջոզեֆ Դանֆորդի հետ, 16- փետրվարի, 2017 թ․
Իլհամ Ալիևը Բաքվում արդեն հանդիպում է ունեցել Ջոզեֆ Դանֆորդի հետ, 16- փետրվարի, 2017 թ․

Այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր խնդիրներ, ներառյալ՝ ԱՄՆ-Ռուսաստան ռազմական հարբերությունների ներկա փուլը, ինչպես նաև ռազմական հստակ և հաստատուն կապերի կարևորությունը՝ «կանխելու համար սխալներն ու պոտենցիալ ճգնաժամերը»:

Այսօր Բաքվում հանդիպում են ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ շտաբերի պետ Ջոզեֆ Դանֆորդը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը: Սա նրանց առաջին հանդիպումն է, մինչ այդ նրանք հեռախոսազրույց էին ունեցել:

«Նյու Յորք Թայմզ»-ը գրում է, որ 2014 թվականից հետո սա ԱՄՆ-ի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմական ղեկավարների առաջին հանդիպումն է, և ինչպես երեկ հայտարարել է Պենտագոնը՝ այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր խնդիրներ, ներառյալ՝ ԱՄՆ-Ռուսաստան ռազմական հարբերությունների ներկա փուլը, ինչպես նաև ռազմական հստակ և հաստատուն կապերի կարևորությունը՝ «կանխելու համար սխալներն ու պոտենցիալ ճգնաժամերը»:

Ինչ վերաբերում է հանդիպման վայրի ընտրությանը, ապա ամերիկացի պաշտոնյաները «Նյու Յորք Թայմզ»-ին ասել են, որ ռուսական կողմն առաջարկել էր հանդիպումն անցկացնել Մոսկվայում, կամ Բելառուսում: Պենտագոնը, սակայն, գերադասել էր Արևմտյան Եվրոպան: Բայց գեներալ Գերասիմովը չի կարող Եվրոպա մեկնել, քանի որ Եվրամիությունը նրա նկատմամբ ևս մուտքի սահմանափակման պատժամիջոց է սահմանել՝ Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի դերակատարության համար: Ի վերջո՝ ընտրվել է Բաքուն, որպես հանդիպման չեզոք վայր:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դրական է գնահատել ռուս-ամերիկյան ռազմական ղեկավարների հանդիպումը: «Կարծում եմ՝ կարևոր է, որ Բաքվում անցկացվում է այս հանդիպումը: ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի խոշոր դաշնակիցն է, և ես ցանկանում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամները, երկկողմ հարաբերությունների հենքով, երկխոսություն զարգացնեն Ռուսաստանի հետ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօրվա հանդիպումից ԱՄՆ-ի դիրքորոշման պարզաբանում է ակնկալում: Շոյգուն այսօր ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, սակայն, ուժի դիրքերից երկխոսություն վարելու փորձերը հեռանկար չունեն:

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Շոյգուն արձագանքել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսին, ով Բրյուսելում ՆԱՏՕ-ի ներակայացուցիչների հանդիպմանն ասել էր, թե ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը, «բայց Մոսկվայի հետ մտադիր են խոսել ուժի դիրքերից»: Սերգեյ Շոյգուն ասել է, թե սպասում է, որ Բաքվում կայանալիք հանդիպմանը Մոսկվային կպարզաբանվի Պենտագոնի այդ դիրքորոշումը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն Բաքվում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ շտաբերի ղեկավարի հետ: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարցեր, այդ թվում Ադրբեջանի մասնակցությունը Աֆղանստանի միջազգային խաղաղապահ ջանքերին, ինչպես նաև էներգետիկ և պաշտպանական ոլորտներում երկկողմ համագործակցությունը:

Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնի է այսպես կոչված՝ «Գերասիմովի դոկտրինով»: 2013 թվականին նա ռուսական զինվորական ամսագրում հոդված էր հրապարակել՝ ներկայացնելով հաքերային հարձակումների հայեցակարգն ու այլ մեթոդներ, որոնք միասին կոչվեցին «հիբրիդային պատերազմ»:

Ջոզեֆ Դանֆորդը 2015-ին, երբ հաստատվում էր ԱՄՆ-ի միացյալ շտաբերի պետի պաշտոնում, լսումների ժամանակ Ռուսաստանը բնորոշել էր «սպառնալիք ներկայացնող երկիր»: «Իմ գնահատմամբ, Ռուսաստանն այսօր մեծ սպառնալիք է ներկայացնում մեր ազգային անվտանգությանը: Ռուսների վարքը տագնապ է հարուցում»,- ասել էր Ջոզեֆ Դանֆորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG