Մատչելիության հղումներ

Առաջիկայում Մոլդովայի նորընտիր նախագահը հնարավոր է այցելի Հայաստան


Իգոր Դոդոն, արխիվ

Չի բացառվում, որ առաջիկա ամիսներին Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դոդոնը այցելի Հայաստան: Այս մասին Մոլդովայի նախագահը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի մոլդավական ծառայությանը տված հեռախոսային հարցազրույցում:

«Կարծում եմ, որ [առաջիկայում] ես կայցելեմ ԱՊՀ անդամ մի շարք պետություններ` Բելառուս, Ադրբեջան, գուցե նաև Հայաստան: Չի բացառվում, որ մայիսին Մոլդովա ժամանի Թուրքիայի նախագահ Էրդողանը», - նշել է Դոդոնը:

Անցած տարեվերջին նախագահական ընտրություններում հաղթած Իգոր Դոդոնը ռուսամետ գործիչ է համարվում, ուստի պատահական չէ, որ պաշտոնավարման առաջին ամիսների այցելությունները հիմնականում այն պետություններ են ծրագրվում, որոնց հետ Մոսկվան լուրջ տարաձայնություններ չունի:

Դոդոնն, ի դեպ, նշում է, որ այս ցանկում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Բելառուսը: Նման վերաբերմունքի պատճառն Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հանդեպ Դոդոնի տածած համակրանքն է: Այս մասին Մոլդովայի նախագահը նշեց օրերս` Deutche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

«Ասեմ, թե Լուկաշենկոյի որ հատկություններն են ինձ դուր գալիս՝ նախևառաջ այն քայլերը, որ նա ձեռնարկել է երկրի ներսում: Տնտեսությունը ժամացույցի պես է աշխատում, ուղղահայաց իշխանությունը շատ կոշտ է գործում: Ես նախկինում այցելել եմ Բելառուս, տեսել եմ, թե ինչպես են այնտեղ աշխատում, ինչպես են աշխատատեղեր ստեղծում», - նշել է Մոլդովայի նախագահը:

Իգոր Դոդոնը նաև չի բացառում, որ իր պաշտոնավարման ընթացքում Մոլդովայում կարող է հանրաքվե անցկացվել, որի մասնակիցները կհստակեցնեն երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ արդյոք երկիրը շարունակելո՞ւ է մնալ Եվրամիության հետ ասոցացման գոտում, թե՞ մաս է կազմելու Եվրասիական տնտեսական միությանը:

«Ես համարում եմ, որ Մոլդովան ավելի կշահի Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրվելու դեպքում», - պնդում է Մոլդովայի նախագահը` հավելելով, սակայն, որ իր իշխանության առաջնահերթությունն այսօր Մերձդնեստրի սառեցված հակամարտության լուծումն է:

«Կարծում եմ, որ հաջորդ մեկուկես-երկու տարիներին, գուցե առաջիկա երկուսուկես տարիների ընթացքում Մերձդնեստրի հակամարտության լուծման հնարավորությունների պատուհան է բացվում: Ինձ թվում է, որ թե՛ Արևմուտքին և թե՛ Արևելքին այժմ հաջողության մի պատմություն է հարկավոր: Դա անհրաժեշտ է թե՛ Միացյալ Նահանգներին, թե՛ Ռուսաստանին և թե՛ Եվրամիությանը, որպեսզի այդ ուժերը կարողանան ցույց տալ, որ ինչ-որ հարցերում ի վիճակի են պայմանավորվել: Գուցե Ուկրաինայի հարցում ավելի դժվար կլինի համաձայնության գալ, բայց ես վստահ եմ՝ Մերձդնեստրի խնդրում, Մոլդովայի վերաինտեգրման հարցում համաձայնություններ ձեռք բերել հնարավոր է», - հայտարարում էր Դոդոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG