Մատչելիության հղումներ

«54 ընտրող ունեցող Վարդավանքում 74 հոգանոց ընտրացուցակ են կազմել»


Սյունիքի մարզի այս համայնքում առաջադրված և չընտրված միակ թեկնածուն, Համլետ Թորոսյանը պնդում է՝ ընտրողների նկատմամբ ճնշումներ են եղել: Մարզպետարանից հերքում են:

Սյունիքի մարզի Վարդավանք համայնքի ղեկավարի միակ թեկնածուն, ով անցած կիրակի տեղի ունեցած ընտրություններում չէր ընտրվել, պնդում է՝ ընտրողների նկատմամբ ճնշումներ են գործադրվել։ Այս գյուղում ընտրություններին մասնակցած 49 մարդկանցից 35-ը դեմ էր քվեարկել միակ թեկնածուին։

65-ամյա Համլետ Թորոսյանը, ով տարիներ շարունակ եղել է գյուղի դպրոցի տնօրենը, որոշել էր ընտրվելուց հետո գյուղում բարեփոխումներ անել։ Սակայն, ինչպես ինքն է ասում, «վերևներից՝ մարզպետարանից» չեն թողել։

«Վատ ապրող ընտանիքներին փայտ են բաժանել, հետո անտառապետին ճնշել են, նա էլ ասել ա, որ ով ինձ ձայն տա, չի թողնելու անտառ մտնի։ Էն բուժքույրի ընտանիքին էլ, որ պիտի 4 ձայն տային ինձ, ասել են՝ եթե ինձ ընտրի, ավելի լավ ա գործի չգնա։ Իմ ընտրողներից 2 զինվորի էլ չեն թողել գան, որ ինձ ընտրեն»,- «Ազատության» հետ զրույցում պատմեց Համլետ Թորոսյանը:

Չընտրված թեկնածուն նաև անճշտություններ է նկատել ընտրացուցակներում։ Ասում է՝ ընդամենը 54 ընտրող ունեցող գյուղում 74 հոգանոց ընտրացուցակ են կազմել, որում ընդգրկել են նաև մահացածներին ու գյուղը վաղուց լքած անձանց: «Ցուցակում մեռածներ էլ կան, ընտրողները 54 հոգի են, բայց եկել է ընտրելու՝ 49 հոգի։ 1988 թվականից գյուղից գնացածներ էլ կան ցուցակում»,- շարունակում է Թորոսյանը:

Ի դեպ, այս համայնքում ընտրություններից օրեր առաջ ինքաբացարկ հայտնած մյուս թեկնածուն՝ Էրիկ Նուրիջանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ինքնաբացարկի պատճառը Սանկտ Պետերբուրգից ստացած աշխատանքի հրավերն է եղել։

«Որոշել էի պայքարել մեր գյուղի համար։ Հետո էնպես ստացվեց, որ փեսաս ինձ կանչեց Լենինգրադից աշխատելու, դրա համար ես ինքնաբացարկ եմ ներկայացրել»,- ասաց Նուրիջանյանը: Նա նաև չբացառեց, միգուցե և նորից առաջադրվի, «եթե մինչ հաջորդ ընտրություններն իր գործերը Ռուսաստանում չստացվեն»:

Սյունիքի մարզպետարանում անհեթեթ են որակում Թորոսյանի մեղադրանքները, թե իրեն խոչընդոտել են։ Մարզպետի խոսնակ Վազգեն Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ իրենք չեն խառնվել Վարդավանքի ընտրություններին։ «Նման բաներ չեն եղել, դրանք հերյուրանքներ են, դա մեր ոճը չէ։ Այստեղ մարդկանց վրա ճնշում չեն գործադրում»,- ասաց Սաղաթելյանը:

Վարդավանքում 40 օրից նոր ընտրություններ տեղի կունենան։ Մինչ այդ գյուղը կղեկավարի մարզպետարանի կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարը:

please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG