Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ինքը չի ցանկացել գլխավորել ՀՀԿ ցուցակը. Բաղդասարյան


Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Սերժ Սարգսյանն ինքը չի ցանկացել ղեկավարել իշխող Հանրապետականի նախընտրական ցուցակը՝ այդ կերպ փորձելով խուսափել շահարկումներից:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Սարգսյանն իր այդ որոշման վերաբերյալ համոզիչ բացատրություններ է տվել։

Բաղդասարյան. - Բավականին քննարկման առարկա դարձավ այդ խնդիրը, և շատ համոզիչ պատասխան տվեց հանրապետության նախագահը, որ ի՛ր որոշումն է։ Եթե Դուք հիշում եք, նախորդ ընտրությունների ժամանակ, երբ որ հանրապետության նախագահը կամ ավելի բարձր պաշտոնատար անձ՝ Հանրապետականի առաջնորդը ղեկավարում էր ցուցակը, այն ժամանակ բավականին խոսակցություններ էր գնում, որ, բնականաբար, «ամբողջ պետական ռեսուրսը պետք է աշխատի նախագահի համար կամ Հանրապետական կուսակցության առաջնորդի համար»։ Առաջին պատճառներից մեկը դա էր, որ հանրապետության նախագահը, որպեսզի զերծ մնա նմանատիպ քննադատություններից, ինքը որոշում կայացրեց, որ ինքն ավելի լավ է հետևի բոլոր քաղաքական անցուդարձին և նմանատիպ երևույթներից զերծ մնանք։ Հաջորդը՝ տրվեց այն պատասխանը, որ անընդհատ թմբկահարում էին թերթերը, որ «նա պետք է դառնա վարչապետ, պետք է դառնա Ազգային ժողովի նախագահ», և այս մի քայլով տրվեց երկուսի պատասխանը։ Հայտարարություն արվեց, որ մեր հաղթանակի դեպքում կառավարությունը վարչապետով կշարունակի իր գործունեությունը, և իր անուն ազգանունը տեղ չի գտել այսօր ցուցակում, այսինքն՝ նաև չի կարող լինել նաև Ազգային ժողովի նախագահ։

«Ազատություն». - Բայց իրավական արգելք չկա, որ նա հետագայում լինի վարչապետ։

Բաղդասարյան. - Մենք չենք կարող ցուցակով հայտարարել, պարզապես հայտարարվել է՝ մեր հաղթանակի դեպքում կառավարությունը կշարունակի իր գործունեությունը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։

«Ազատություն». - Բայց Կարեն Կարապետյանը ձեր ցուցակում չընդգրկվեց հենց այն պատճառով, որ նա վերջին չորս տարիների ընթացքում չի բնակվել Հայաստանի Հանրապետությունում։ Այս նույն սահմանափակումը նաև տարածվելու է 2018-ից հետո, որովհետև վարչապետի թեկնածուն, ըստ նոր Սահմանադրության, նույնպես պարտավոր է վերջին չորս տարիներին բնակված լինի Հայաստանում, այսինքն՝ 2018-ից հետո Կարեն Կարապետյանի վարչապետ լինելու հանգամանքը նորից հայտնվելու է հարցականի տակ, և կարող է Սերժ Սարգսյանը նրան հանգիստ փոխարինել։

Բաղդասարյան. - Ինձ թվում է, որ Դուք թվաբանությունից բավականին լավ եք, այնտեղ օրերի քանակ կա, թե ինչքան ժամանակ պետք է բնակված լինի։ Մինչև 2018 թվականը շուրջ երկու տարի ժամանակ ունենք, և եթե այդ թվաբանությունը մենք կատարենք՝ օրենքի կետին և տողին համապատասխան, ինձ թվում է, որ այդ խնդիրն արդեն կարգավորված կլինի, և նման խնդիր մենք չենք ունենա։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք վստա՞հ եք, որ 2018-ին արդեն այդ չորս տարվա ցենզի պահանջը...

Բաղդասարյան. - Վստահ եմ, և ոչ միայն ես, այլև այն մասնագետները, ովքեր այդ հաշվարկները կատարում են։ Ինձ թվում է, որ մենք նման խնդիր չենք ունենա։

«Ազատություն». - Դուք բացառո՞ւմ եք, նաև Սերժ Սարգսյանը բացառո՞ւմ է, որ կլինի վարչապետ 2018 թվականից հետո, երբ որ վայր դնի նախագահի լիազորությունները։

Բաղդասարյան. - Այ տեսնում եք, նորից ընկնում եք դեպքերից առաջ. մենք չգիտենք, թե մեր վաղվա օրն ինչպիսին պետք է լինի։ Պետք չէ կանխատեսումներ անել, մենք հավատացյալ մարդիկ ենք և շարժվում ենք նաև Աստվածաշնչով, ինձ թվում է, որ մեր վաղվա օրը պետք չէ կանխատեսել։

Հիշեցնենք, նախորդ երկու խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ և՛ 2007-ին, և՛ 2012-ին իշխող Հանրապետականի ցուցակը գլխավորում էր Սերժ Սարգսյանը:

Հարցին, թե արդյո՞ք այս անգամ Սարգսյանի բացակայությունը չի թուլացնի Հանրապետականի դիրքերը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե ցուցակի առաջին տասնյակը հանրությանը ծանոթ դեմքեր են, խոչընդոտներ չեն լինի, ավելին, իրենք պատրաստ են բավական լուրջ քանակությամբ քվեներ վաստակել:

Նշենք, որ Հանրապետականի ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ընդամենը մի քանի ամիս առաջ դարձավ Հանրապետականի անդամ։ Ցուցակում 2-րդը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, 3-րդը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Ազատություն». - Ինչո՞ւ որոշվեց որ հենց Վիգեն Սարգսյանն է լինելու, այլ Հանրապետական չկա՞ր, ի վերջո, նա մի քանի ամիս է, ինչ նա Ձեր կուսակցության անդամ է դարձել։

Բաղդասարյան. - 160 հազար հանրապետականներ կան շուրջ, կամ ավել մի փոքր, Վիգեն Սարգսյանը շատ ճիշտ և նպատակային թեկնածու է, և նա իր աշխատանքով է դա ապացուցել, իր ապրած այս վերջին տարիների քաղաքական դաշտում իր գործունեությամբ։

Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն Հանրապետականի պատգամավորության թեկնածու չի լինի, այլև չի ղեկավարի Հանրապետականի նախընտրական շտաբը:

Ըստ Բաղդասարյանի, այդ լիազորությունը դրվելու է գործադիր մարմնի վրա, իհարկե Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Նկատենք, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կուսակցությունից հեռանալուց հետո առաջին անգամ Հանրապետականը նախընտրական շտաբի ղեկավար չի ունենա։

«Ազատություն». - Կոնկրետ մեկ անձի վրա դա չի՞ դրվելու։

Բաղդասարյան. - Ոչ, շտաբը կղեկավարի գործադիր մարմինը, գործադիր մարմնի բոլոր անդամները կլինեն շտաբի անդամ, իսկ գործադիր մարմնի ղեկավարը Սերժ Սարգսյանն է։

«Ազատություն». - Ինչո՞ւ այս անգամ նման որոշում կայացվեց, սովորաբար Հանրապետականն ունենում էր իր շտաբի պետը և Հովիկ Աբրահամյանի վրա էր դրվում այդ լիազորությունը։

Բաղդասարյան. - Այս ընտրությունները էապես տարբերվում են մնացած ընտրություններից՝ մենք առաջին անգամ պառլամենտական համակարգի անցում ենք կատարել, ըստ Սահմանադրության, նոր ոճի ընտրություններ, նոր մարտավարություն, դա մեր մարտավարություն է, և պետք չէ, որ ամեն մի գաղտնիք ես բացեմ, թե մենք ինչ ենք քննարկել, մենք նպատակահարմար ենք գտնում այդ աշխատելաոճը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG