Մատչելիության հղումներ

Պեսկով․ Ռուսաստանը չի քննարկի Ղրիմը վերադարձնելու թեման, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանը չի քննարկի Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու թեման, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Այդպես է պատասխանել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կազդի պաշտոնական Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վրա Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը, թե Միացյալ Նահանգների նախագահը «հստակ հասկացրել է, որ ակնկալում է Ղրիմի վերադարձ Ուկրաինայի կազմ»:

«Ինչ վերաբերում է Ղրիմը վերադարձնելուն, ապա այդ թեման չի քննարկվելու, քանի որ այն չի կարող քննարկվել: Ռուսաստանը չի քննարկում իր տարածքի հետ կապված հարցեր արտասահմանյան գործընկերների հետ», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Պեսկովը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի հետևողականորեն գործընկերներին հասցնել իր փաստարկները Ղրիմի վերաբերյալ, այդ թվում՝ ԱՄՆ-ին: «Ռուսաստանի նախագահը շատ համբերատար և հետևողականորեն պարզաբանում է իր գործընկերներին և զրուցակիցներին պատճառները, որոնք հանգեցրել են Ռուսաստանի մոտ պաշտպանություն փնտրելու և նրան մաս կազմելու ղրիմցիների որոշմանը: Նա շատ համբերատար և հետևողականորեն պատմում է Ուկրաինայում հեղաշրջման պատմությունը, որը մեծապես հովանավորվում էր արտերկրից», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Պեսկովը հավելել է, թե Ռուսաստանն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ շփումները կհաստատվեն, «և մենք հնարավորություն կունենանք գործնականորեն, հանգիստ և կառուցողաբար ամերիկացի գործընկերներին հասցնել մեր փաստարկները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG