Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը Պետդեպին կոչ է անում թույլ չտալ «Երկաթյա գմբեթի» վաճառքը Ադրբեջանին


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտին կոչ է արել ընդդիմանալ Ադրբեջանին իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի վաճառքին և դրանով իսկ ամերիկյան սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցմանը երրորդ կողմի:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության քաղաքական-ռազմական հարցերով բյուրոյին փետրվարի 13-ին հղած նամակում Հայ դատի հանձնախումբը շեշտել է, որ նման վաճառքը կվտանգի Միացյալ Նահանգների տարածաշրջանային շահերը և զենքի տարածման սպառնալիք կստեղծի: Դա, ասված է նամակում, «կվտանգի Միացյալ Նահանգների շահերը՝ մեծացնելով տարածաշրջանային հակամարտության ռիսկերը, ետ մղելով խաղաղության գործը և պոտենցիալ ձևով թույլ տալով, որ զենքի արդիական տեխնոլոգիան հայտնվի հակաամերիկյան տերությունների ձեռքերում»:

Նամակից առանձին, Հայ դատի հանձնախումբը նաև ցանկություն է հայտնել ծանոթանալ Ադրբեջանին «Երկաթյա գմբեթի» վաճառքին վերաբերող պաշտոնական արձանագրություններին՝ համաձայն Տեղեկատվության ազատության ակտի:

«Իլհամ Ալիևի ձեռքերում «Երկաթյա գմբեթը» առաջին հարված հասցնելու զենք է, որը միայն կքաջալերի նրան՝ ահագնացնելու իր ագրեսիան», - ընդգծել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ շարունակելով․ - «Այս վաճառքի համար կանաչ լույս վառելը կվտանգի այն ամենը, ինչ Ամերիկան և ԵԱՀԿ մեր գործընկերները արել են՝ նպաստելու խաղաղությանը և կանխարգելելու սպառազինության տարածումը, մեծացնելով վտանգը, որ արդիական տեխնոլոգիան թե՛ կապակայունացնի Կովկասը և թե՛ պոտենցիալ ձևով ի վերջո կհայտնվի հակաամերիկյան երկրների ձեռքերում՝ Բելառուսից մինչև Հյուսիսային Կորեա»:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը նշում է, որ Ադրբեջանին «Երկաթյա գմբեթ» համակարգի սպասվող վաճառքի մասին հաղորդումները հետևեցին անցած տարվա դեկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներին:

2014 թվականին ԱՄՆ Raytheon պաշտպանական ֆիրման շահել է համատեղ արտադրության 149.3 միլիոն դոլարի պայմանագիրը՝ «Երկաթյա գմբեթի» համար մատակարարելու Tamir հրթիռներ: 2014-ի մայիսի 3-ի ԱՄՆ-Իսրայել համաձայնագրով, ինչպես նաև Արտաքին օգնության ակտի, Սպառազինության արտահանման վերահսկողության ակտի և ամերիկյան այլ օրենքների համապատասխան դրույթներով՝ Միացյալ Նահանգները իրավունք ունի արգելել ամերիկյան սարքավորումների և տեխնոլոգիաների, այդ թվում՝ «Երկաթյա գմբեթ» համակարգի փոխանցումը երրորդ կողմի, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG