Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների այսօրվա հանդիպմանը մասնակցելու է նաև Ջեյմս Մատիսը


Պենտագոնի նոր ղեկավար Ջեյմս Մատիս, արխիվ
Պենտագոնի նոր ղեկավար Ջեյմս Մատիս, արխիվ

Այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանն առաջին անգամ մասնակցելու է Պենտագոնի նոր ղեկավար Ջեյմս Մատիսը:

Հանդիպման նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գործընկերներին կոչ է արել ավելացնել ռազմական ծախսերը:

«Երկար տարիների ընթացքում ռազմական ծախսերի կրճատման հետևանքով մենք հայտնվել ենք անկյունում», - փետրվարի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսում ասել է Ստոլտենբերգը՝ նշելով, որ ԱՄՆ-ը և Կանադան անցյալ տարի իրենց հատկացումները ավելացրել են 3.8 տոկոսով: «2015-ի համեմատ դա մոտավորապես 10 միլիարդ դոլարով ավելին է», - ասել է նա և նշել, որ դաշինքի եվրոպական անդամները ևս պետք է ավելացնեն ռազմական ծախսերին հատկացվող ֆինանսական միջոցները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել, է որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր երկու հեռախոսազրույցներում արծարծված հիմնական հարցը դա է եղել: «Նա ուժեղ աջակցություն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին, բայց միաժամանակ ընդգծել է ծանրությունը արդարացի կիսելու անհրաժեշտությունը, և ես համաձայն եմ նրա հետ», - ասել է Ստոլտենբերգը:

2014-ից, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը ու սկսեց օգնություն ցուցաբերել Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատականներին, ՆԱՏՕ-ն որոշեց դադարեցնել ռազմական ծախսերի կրճատումը, ավելացնել դրանք համախառն ներքին արդյունքի երկու տոկոսի չափով: Սակայն ոչ բոլոր երկրներ են հասել նախանշված մակարդակին:

Մամուլի ասուլիսում Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ անվտանգության հարցերով Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակում հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ շարունակելու ՆԱՏՕ-Ռուսաստան երկխոսությունը:

Վրաստանի մասին նա ասել է, որ նախարարների մակարդակով կմասնակցեն ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին, որտեղ կքննարկվեն տարածաշրջանում անվտանգության իրավիճակը և Վրաստանում իրականացվող բարեփոխումները, «որոնք երկրին ավելի են մոտեցնում ՆԱՏՕ-ին»:

Հյուսիսատլանտյան դաշինքին Չեռնոգորիայի անդամակցության մասին նա ասել է, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից 24-ն արդեն վավերացրել է Չեռնոգորիայի ասոցացման համաձայնագիրը, չի կարող ասել, թե մյուս չորսը երբ կվավերացնեն այն, սակայն կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությունը տեղի կունենա մոտ ապագայում:

Ստոլտենբերգը նշել է, որ ԱՄՆ-ի Սենատի կողմից արձանագրության վավերացման հետ կապված որևէ նշաններ չկան, թե ամերիկյան նոր վարչակազմը չի աջակցում վավերացմանը: «Սենատում երկու կուսակցությունների կողմից այն ուժեղ աջակցություն ունի։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ևս աջակցում է, և ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի (Չեռնոգորիայի) ասոցացման արձանագրության վավերացումը ԱՄՆ-ում լավ ուղու վրա է», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG