Մատչելիության հղումներ

Լեռնանիստում տանիքի փլուզումը երկու մարդու կյանք է խլել


Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում առավոտյան տեղի ունեցած փլուզման հետևանքով երկու կին է մահացել:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, գյուղի դպրոցի մոտ գտնվող խանութի փլատակներից փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել երկու դի:

Նրանցից մեկը խանութի սեփականտիրոջ կինն էր, մյուսը՝ առաջին հաճախորդը: Երեք մարդ վիրավորվել է։

Լեռանիստցիները դժվարանում են ասել, թե ինչն է դարձել նման դժբախտ դեպքի պատճառը: Հարցին պատասխան չունի նաև խանութի սեփականատեր Գագիկ Ալոյանը․ - «Էնքան գիտենք, որ ծածկը նստել է, պանելները նստել են: Վերջին նորոգումը երկու տարի առաջ ենք արել․ կապիտալ չէ: Չաք-բան չենք նկատել»:

180 քառակուսի մետր տարածք զբաղեցնող խանութից մնացել է դիմապատը: Սեփականատերը նշում է, որ շինությունն անգամ գազաֆիկացված չի եղել, ձյան հաստ շերտն էլ չէր կարող դառնալ տանիքի քանդվելու պատճառը:

Նա միայն գիտի այն, ինչ պատմել են դեպքի ժամանակ ներսում եղած որդիները: Նրանից մեկը, ում վնասվածքներն ավելի թեթև են, ստանալով առաջին օգնությունը դուրս է գրվել, բայց խոսել ու նկարահանվել չցանկացավ: Միայն ասաց՝ փլուզումը եղել է րոպեական, պայթյուն էլ չի եղել:

Նկարահանման պահին տեղում աշխատում էին փրկարարներն ու ոստիկանները, բայց հարցազրույց տալ նրանցից ոչ մեկը չցանկացավ: Փոխարենը բնակիչներն ու համայնքի ղեկավարը նշեցին, որ պայթյունի ձայն չեն լսել:

Գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը վերհիշում է, որ խանութը կառուցվել էր դեռ 60-ական թվականներին, ու չի բացառում այն վարկածը, որ առաստաղը փլուզվել է ձյան հաստ շերտի պատճառով․ - «Կարա դա էլ նպաստի: Բայց ասեմ, որ մեր համայնքում ձյան ծածկույթը այդքան նորություն չի եղել, միշտ էլ եղել ա, սրանից էլ ավելի բարձր ա եղել: Բայց, հնարավոր է, դա էլ ազդած լինի․․․»:

Ու մինչ հետաքննությունը կպարզի, թե որն է եղել փլուզման պատճառը, փլատակի վերածված խանութի առջև հավաքված մարդիկ հարցական հայացքով նայում են ու չեն հասկանում, թե ինչպես կարող էին նման հաստ պատերը ծանրությանը չդիմանալ:

Գյուղի բանկիչները նշում են, որ մինչև փրկարարների գալը, իրենք արդեն դուրս էին բերել 3 վիրավորներին, որոնցից 2-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Երևան: Խանութի սեփականատիրոջ մյուս որդին հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրա վիճակը մասնագետները գնահատում են ծանր կայուն:

«Հիվանդը ընդունվել է վերակենդանացման բաժանմունք՝ դեմքի առաջին, տեղ-տեղ երկրորդ աստիճանի այրվածքներով, կոնքի կոտրվածքով: Գիտակցություն ունի, ինքնուրույն շնչառությամբ: Վիրահատության կարիք առայժմ չկա», - «Ազատությանը» փոխանցեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդուրանի վարիչ Լուսինե Սարդարյանը:

Մյուս վիրավորը խանութի վաճառողուհին է: Նա տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Վերակենդանացման բաժանմունքի վարիչը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ 24-ամյա կինը ունի կոնքի ոսկրի վնասվածք: Կատարվել են համապատասխան հետազոտություններ և դրանց արդյունքներից ելնելով կորոշվի հետագա բուժումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG