Մատչելիության հղումներ

Թրյուդո. «Չեմ պատրաստվում Վաշինգտոնում բարոյախրատական ճառերով հանդես գալ»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ողջունում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, 13-ը փետրվարի, 2017թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում ողջունում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, 13-ը փետրվարի, 2017թ․

Ի վիճակի կլինե՞ն արդյոք տրամագծորեն հակառակ քաղաքական հայացքներ դավանող Դոնալդ Թրամփն ու Ջասթին Թրյուդոն ընդհանուր հայտարարի գալ․ Կանադայի վարչապետի երեկ մեկնարկած վաշինգտոնյան այցի շեմին լրագրողական ու քաղաքագիտական շրջանակներին ամենից շատ հուզող հարցը թերևս սա էր:

Դատելով Թրյուդոյի և Թրամփի բանակցությունների առաջին արձագանքներից, Կանադայի և Միացյալ Նահանգների ղեկավարները հմտորեն շրջանցել են առկա տարաձայնությունները` պայմանավորվելով խորացնել Օտտավայի և Վաշինգտոնի առանց այդ էլ սերտ կապերը: Կանադայի վարչապետը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հատուկ ընդգծեց, որ չնայած առկա տարակարծություններին՝ ինքն իրեն ամերիկացի գործընկերոջը դասեր տալու իրավունք չի վերապահում:

«Վերջին բանը, որ կանադացիները կարող են ակնկալել ինձնից, այլ պետություն այցելելն ու այդ երկրի կառավարմանը վերաբերող բարոյախրատական ճառերով հանդես գալն է», - նշում էր Թրյուդոն:

Հիշեցնենք, սակայն, որ մի շարք հարցերում Դոնալդ Թրամփն ու Ջասթին Թրյուդոն իրոք անհաղթահարելի թվացող տարակարծություններ ունեն: Խոսքը նախևառաջ միգրացիոն քաղաքականության մասին է: Թրամփի գործողությունների հիմքում ներգաղթի սահմանափակումն ու սիրիացի փախստականների մուտքի վրա սահմանված արգելքն է: Կանադայի վարչապետը այդ նույն սիրիացի փախստականներին, այդ թվում՝ սիրիահայերին, անձամբ էր դիմավորում օդանավակայանում: ԱՄՆ նախագահի` ներգաղթը սահմանափակող աղմկահարույց հրամանագրից հետո էլ Կանադայի վարչապետը շարունակում էր հայտարարել, թե իր երկիրը պատրաստ է փախստականների նոր չափաբաժին ընդունել: Միացյալ Նահանգների նախագահը, սակայն, շարունակում է պնդել` Վաշինգտոնը ներգաղթյալների հանդեպ հետագայում ևս կոշտ դիրքորոշում է ցուցաբերելու:

«Ես ասել եմ, որ մենք վտարելու ենք հանցագործներին, թմրանյութերի վաճառքով զբաղվողներին և հանցախմբերի անդամներին: Ամենասկզբից էլ ես հայտարարել եմ, որ իրապես վատ դերակատարություն ունեցող [ներգաղթյալներին] մենք վտարելու ենք Միացյալ Նահանգներից: Մենք հենց դրանով էլ այժմ զբաղված ենք, և ես կարծում եմ, որ ի վերջո բոլորն էլ շատ ուրախ կլինեն [արդյունքներից]: Կարող եմ ավելին ասել` այժմ արդեն բազմաթիվ մարդիկ շատ ուրախ են», - պնդում էր Դոնալդ Թրամփը:

Կանադայի վարչապետի խոսքով, հակառակը` պաշտոնական Օտտավան չի պատրաստվում վերանայել ներգաղթյալների հանդեպ «բաց դռների քաղաքականությունը»:

«Կանադայում միշտ էլ ըմբռնել են, որ երկրի քաղաքացիների անվտանգության ապահովումը իշխանության ղեկին գտնվող ցանկացած կառավարության պատասխանատվությունն է: Մյուս կողմից, սակայն, մենք շարունակում ենք կյանքի կոչել ներգաղթյալների և փախստականների հանդեպ մեր որդեգրած բաց դռների քաղաքականությունը` չխաթարելով երկրի անվտանգությունը: Այս համադրումն էր թերևս պատճառը, որ մեր այդ քաղաքականությունը հաջողությամբ պսակվեց, մենք կարողացանք անցած տարի շուրջ 40 հազար սիրիացի փախստական ընդունել», - հայտարարում էր Ջասթին Թրյուդոն:

Վաշինգտոնում կայացած բանակցությունների մյուս կարևորագույն թեման Կանադայի և Միացյալ Նահանգների միջև առևտրային կապերի հետագա սերտացումն էր: Հասկանալու համար, թե որքան խորն են երկկողմ տնտեսական հարաբերությունները, միայն երկու թվային տվյալ․ ԱՄՆ 50 նահանգներից 35-ում գործող արդյունաբերական ձեռնարկությունների սպառման թիվ մեկ շուկան Կանադան է, երկկողմ ապրանքաշրջանառությունը Կանադայի և Միացյալ Նահանգների միջև տարեկան կազմում է շուրջ 660 միլիարդ դոլար` ամեն օր շուրջ 2 միլիարդ: ԱՄՆ-Կանադա տնտեսական կապերը, սակայն, Թրամփի վարչակազմը դիտարկում է Հյուսիսամերիկյան ազատ առևտրի մասին համաձայնագրի` NAFTA-ի համատեքստում: ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի միջև ստորագրված այս պայմանագիրը դեռ նախընտրական շրջանում Դոնալդ Թրամփի կոշտ քննադատության թիրախ դարձավ:

«Մենք հիանալի առևտրային հարաբերություններ ունենք Կանադայի հետ: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել դրանք հետագայում ևս խթանելու համար: Ինչ վերաբերում է [NAFTA] համաձայնագրին, ապա Միացյալ Նահանգների հարավային սահմանի երկայնքով իրադրությունը շատ ավելի բարդ է, քան հյուսիսում: Ես, սակայն, վստահ եմ, որ մենք կկարողանանք փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել մեքսիկացիների հետ», - նշում էր Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG