Մատչելիության հղումներ

Արփինե Հովհաննիսյան․ Հակակոռուպցիոն խորհուրդը իր խնդիրները այս պահի դրությամբ լուծել է


Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չի կիսում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի տեսակետը, թե մինչև այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն առաջընթաց չի ունեցել:

«Որակումը, որ արդյունավետ չի գործել, ինձ թվում է մի փոքր չափազանցված, և դրա համար ես չեմ կիսում այդ գնահատականները, թեև հասկանում եմ այն մտահոգությունները, որոնք հնչեցվել են և այդ ուղղությամբ մենք շարունակում ենք աշխատանքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարը։

Երկու շաբաթ առաջ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը Հայ-ամերիկյան առևտրային պալատում իր ելույթում քննադատել էր Հայաստանի իշխանություններին՝ անդրադառնալով Կառավարության որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեությանը։

«Մինչ այժմ Հակակոռուպցիոն խորհուրդն այնքան առաջընթաց չի ունեցել, որքան հույս ունեինք, և այս պահի դրությամբ վերջինիս աջակցելու համար նախատեսված միջոցների 2.5 տոկոսից պակասն է փաստացի հատկացված: Հուսով եմ այս փաստը կփարատի բազմաթիվ մարդկանց այն կասկածները, որ ԱՄՆ ՄԶԳ-ն այս գումարը պորտֆելի մեջ դրած ամբողջությամբ հանձնել է խորհրդին: Մենք ԱՄՆ կառավարությունն ենք ներկայացնում, մենք Ջեյմս Բոնդը չենք: Մենք Վարչապետին հայտնել ենք, որ կարիք ունենք տեսնել կոնկրետ առաջընթաց Խորհրդի կողմից, և ես տեղյակ եմ, որ նա ուզում է վերակազմավորել խորհուրդը և վերանայել վերջինիս աշխատանքը: Վարչապետի հետ մեր քննարկումների հիման վրա մենք որոշում կկայացնենք հետագա քայլերի, այդ թվում խորհրդին հետագա աջակցություն ցուցաբերելու կամ այդ միջոցներն այլ հակակոռուպցիոն մեխանիզմների ուղղելու վերաբերյալ», - ասել էր Ռիչարդ Միլզը:

Անդրադառնալով խորհրդի կատարած աշխատանքին՝ Արդարադատության նախարար Հովհաննիսյանն ասաց․ - «Ես արդեն նշել եմ, որ կարծում եմ, որ խորհուրդը ժամանակի և տարածության մեջ իր խնդիրները այս պահի դրությամբ լուծել է և շարունակում է նաև այլ գործառույթներ այս պահի դրությամբ իրականացնել: Խորհուրդը գործել է, այդ խորհրդի գործունեության արդյունքում և խորհրդի նիստերին հնչեցված հանձնարարականների արդյունքում մենք ունենք մի քանի իրողություններ: Եվ այդ իրողությունները այլևս օրինագծերի կամ ընդունված օրենքների տեսքով են: Խոսքը վերաբերում է թե՛ ապօրինի հարստացմանը, որը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում հնչած հանձնարարականների արդյունք էր, խոսքը վերաբերում է թե՛ կանխիկ գործառնությունների սահմանափակմանը, խոսքը վերաբերում է այս պահին նաև մշակվող հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնին, խոսքը վերաբերում է հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը, խոսքը վերաբերում է փոխկապակցված անձանց շրջանակի ընդլայնմանը և այսպես շարունակ»:

2016 թվականի փետրվարին, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը ստորագրեցին մի համաձայնագիր, ըստ որի ամերիկյան կառավարությունը մոտ 750 հազար դոլար դրամաշնորհ է տրամադրելու Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի համար: Սակայն ամերիկյան կողմը այն ժամանակ նշեց, որ գումարը կհատկացվի, եթե խորհուրդը հաջողություններ արձանագրի: Հենց այս գումարի մասին էր խոսում Միացյալ Նահանգների դեսպանը։

Արփինե Հովհաննիսյանը լիահույս է, որ Հակակոռուպցիոն խորհուրդը կտա իր արդյունքը․ - «Դա Արդարադատության նախարարությանը տրամադրվող գումար չէր: Խոսքը վերաբերում է Կառավարությանը տրամադրվող գումարին: Գումարի մի մասը տրամադրվել էր, և այդտեղ տարբեր պատճառներ կային՝ այդ թվում տեխնիկական։

4 ձայն-գումարի միմասը տրամադրվել էր, եւ այնտեղ տարբեր պատճառներ կային, այդ թվում եւ տեխնիկական, ես լիահույս եմ, որ այն միջոցառումները, որ ձեռնարկում ենք, կտան իրենց արդյունքը, եւ այդ գումարները կծախսվեն ըստ նպատակի։ Բայց ես լիահույս եմ, որ այն միջոցառումները, որոնք ձեռնարկում ենք, կտան իրենց արդյունքը, և դրա արդյունքում գումարները կծախսվեն ըստ նպատակի»:

Դեսպան Միլզը իր խոսքում նաև երկու առաջարկություն էր ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի համար. հակակոռուպցիոն քննություն սկսել ոչ միայն կաշառքի ստացման դեպքում, այլ եթե պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը ողջամիտ կասկածներ առաջացնի: Բացի այդ, Միլզը առաջարկել էր Հայաստանի կառավարությանը՝ «քննության առնել ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը. մարմին, որը կունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն»:

XS
SM
MD
LG