Միացյալ Նահանգների Սենատը հաստատեց Սթիվեն Մնուչինի թեկնածությունը ֆինանսների նախարարի պաշտոնում: Նրան աջակցել է 53 սենատոր, 47-ը դեմ է քվեարկել: Դեմոկրատական կուսակցությունից Մնուչինին աջակցած միակ ներկայացուցիչը Արևմտյան Վիրջինիայից ընտրված սենատոր Ջո Մանչինն էր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Մնուչինին նշանակման կապակցությամբ՝ նրան համեմատելով Միդաս արքայի հետ, ով ոսկու էր վերածում այն ամենը, ինչին դիպչում էր:
Սթիվեն Մնուչինը 17 տարի աշխատել է Goldman Sachs ներդրումային բանկում, այնուհետև հիմնել է սեփական ընկերությունը, որը ֆինանսավորում էր մի շարք հոլիվուդյան ֆիլմեր:
2008 թվականի ճգնաժամի ընթացքում Մնուչինի համաղեկավարած ընկերություններից մեկի պատճառով, որը չի կարողացել վճարել պարտքերը, տասնյակ հազարավոր մարդիկ առանց տանիքի են մնացել:
2016-ին Սթիվեն Մնուչինը դարձել է Թրամփի նախընտրական թիմի անդամ և պատասխանատու էր ֆինանսական հարցերի համար: Forbes-ը նրա ունեցվածքը գնահատում է 300 միլիոն դոլար: