Մատչելիության հղումներ

«Արվում է հին կեղտոտ գործը»


Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, արխիվ:
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, արխիվ:

Ընդդիմադիրներն այսպես են արձագանքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակների հրապարակմանը:

«Արդեն կարող ենք բարձրաձայնել, որ մեր երկրում ողջ թափով սկսվել է նոր քաղաքական մշակույթի արմատավորման գործընթացը», - ուղիղ մեկ տարի առաջ վստահեցնում էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին:

Ընդդիմադիրների պնդմամբ, սակայն, իշխող Հանրապետականի թեկնածուների ռեյտինգային ցուցակի հրապարակումը ցույց տվեց՝ իրականում նույն ռեժիմն է, նույն դեմքերով:

Մասնավորապես, Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժի նախընտրական ցուցակում ընդգրկվել է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով կառաջադրվի Մալաթիա-Սեբաստիան և Շենգավիթը ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում: Նկատենք, որ Սամվել Ալեքսանյանը պատգամավոր է 2003 թվականից սկսած և անփոփոխ աջակցել է իշխանություններին: Ընդդիմադիրների կողմից նա մշտապես մեղադրվել է ընտրակաշառք բաժանելու և քաղաքական հակառակորդներին բռնությունների ենթարկելու մեջ: Ավելին, 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Մալաթիա-Սեբաստիան համեմատել էր Օսվենցիմի հետ:

Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետականի ցուցակում է նաև պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով առավել հայտնի է «Շմայս» մականունով: Նա այս անգամ առաջադրվելու է Արմավիրի մարզն ընդգկող թիվ 6 ընտրատրածքում: Մովսիսյանն իր պատգամավորության տարիներին աչք է ընկել «գլխատելու և բռնաբարելու» մասին սպառնալից հայտարարություններով, ինչպես նաև ընդդիմադիր պատգամավորների հասցեին Ազգային ժողովում հնչեցրած վիրավորանքներով:

Օրինակ ասել էր․ - «Կոչ եմ անում վեր ընգնեն իրանց տեղը: Աստված մի արասցե՝ որ բռնեցինք, հաստատ իրանք բռնաբարվելու են»:

Ի դեպ, անցած 5 տարիների ընթացքում Մովսիսյանը խորհրդարանում որևէ հարց չի տվել և ելույթ չի ունեցել:

Իշխող քաղաքական ուժի նախընտրական ցուցակում է նաև օֆշորային կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը: Նա կպայքարի Ավանը, Նոր Նորքը և Քանաքեռ-Զեյթունը ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում:

Ուշագրավ է, որ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնն անթույլատրելի է համարել Միհրան Պողոսյանի ընդգրկումը որևէ կուսակցության ցուցակում: Կենտրոնը կասկածներ ունի, որ ՀՔԾ-ն Պողոսյանի վերաբերյալ օֆշորային գործը կարճեց՝ նրա առաջադրումը չստվերելու նպատակով:

«Իշխանությունները ներում են նրանց արարքները, և նրանք վերադառնում են Ազգային ժողով՝ երևի թե հերթական անգամ իրենց բիզնեսներն ամրագրելու համար», - ասում է կենտրոնի ներկայացուցիչը:

Հանրապետականի ցուցակում է նաև պատգամավոր, SAS սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը, ով առավել հայտնի է «Սասի Արտակ» անունով:

Ի դեպ, անցած շաբաթ նա հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ առաջին անգամ խորհրդարանում փորձել էր խոսել: Սակայն բարձրախոսն այդպես էլ չէր աշխատել:

Նկատենք, որ Ազգային ժողովի գործունեությանը հետևող «Պառլամետ մոնտիտրոնիգի» տվյալներով, Արտակ Սարգսյանը անցած 5 տարիների ընթացքում ոչ մի ելույթ չի ունեցել, և անգամ մեկ հարց չի տվել:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար ՀՀԿ-ի ցուցակով կպայքարեն նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը, ովքեր նույնպես իրենց պատգամավորության անցած 5 տարիներիների ընթացքում, ըստ «Պառլամենտ մոնիտորինգի», տվել են 0 հարց և ունեցել են 0 ելույթ:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցնում է, որ Հայ ազգային կոնգրեսը մշտապես բարձրաձայնում էր, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները իրականում ուղղված էին չարիքի վերարտադրման գործին: Համամասնական ընտրակարգի անվան տակ իրականում գործելու է նույն մեծամասնականը, որտեղ առավելություն են ստանում իշխանությունների հետ մշտապես համագործակցող թաղային հեղինակությունները:

«Սա նույն իշխանությունն է, նույն ռեժիմն է, նույն դեմքերը: Փոխվում են միայն ձևերը այդ նույնը իրականացնելու: Արվում է հին կեղտոտ գործարքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը:

Նա համաձայնեց «Ազատության» դիտարկմանը, որ նույն Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը, բոլոր հին դեմքերը, որոնք մշտապես եղել են և բավական լուրջ ձայներ են բերել, նորից ընդգրկվում են ռեյտինգային ցուցակներում ընդամենը մեկ նպատակով՝ Հանրապետականին ձայներ բերելու համար:

«Իհարկե: Եվ մենք արդեն ունենք բազմաթիվ տեղեկություններ, որ նրանք կա՛մ խոստացել են, կա՛մ արդեն սկսել են բաժանել մեծ գումարներ․․․ Ընտրակաշառքի համակարգը կարծես պատրաստվում է նոր նվաճումների, և հավաքում են արդեն անձնագրային տվյալներ՝ նույն բրիգադիրների միջոցով, որ ապահովեն այդ գործընթացը», - ասաց Զուրաբյանը՝ շարունակելով․ - «Իսկ գումարի չափը, բնականաբար, մեծացել է: Երկու անգամ, արդեն լսել ենք և՛ հիսուն հազար դրամի մասին, և՛ հարյուր դոլարի մասին, և՛ երկու հարյուր դոլարի մասին մեկ ձայնի համար: Եվ դա բնական է, որովհետև քանի որ այն 600 հազար ուրիշի փոխարեն ընտրակեղծարարություն անելու հնարավորությունը փակվել է, ըստ էության մնացել է միայն ընտրակաշառքի մեխանիզմը, բնականաբար, դրույքները աճում են»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, բոլոր մականունավորներին կրկին ընդրգկելով իր նախընտրական ցուցակում, Սերժ Սարգսյանը փորձում է ամրապնդել իշխանության դիրքերը: Պարզապես, Մարտիրոսյանի փոխանցմամբ, սահմանադրական փոփոխությունների անվան տակ իշխանությունը շատ ավելի գռհեիկ և նենգ քայլ կատարեց քաղաքական և ընտրական համակարգի նկատմամբ, քանի որ եթե նախկինում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածուները պայքարում էին իրենց համար, ապա այս նոր համակարգով թաղային հեղինակությունների ու օլիգարխների բերած ձայները ուղղակիորեն աշխատելու են Հանրապետականի կուսակցության օգտին:

«Ժառանագության» փոխնախագահը զարմանում է, որ Սերժ Սարգսյանի քաղաքական նոր մշակույթի մասին խոսոտումներին հավատացողներ են եղել․ - «Ինչ է, առաջի՞ն խոսքն է, որ ինքը ասում է և չի իրականանում: Իր նախագահության սկզբից՝ Մարտի 1-ից սկսյալ, հիշո՞ւմ եք՝ անհասկացողության պատն էր, չէ՞, պիտի քանդվեր: Այդ անհասկացողության պատը ոչ թե քանդվեց, այլ դարձավ մի հատ շատ ամրակուռ, բետոնապատ կառույց»:

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ, շեշտում է, թե իրենց ռեյտինգային ցուցակներում ընդգրկված անձանց իրական գնահատականը կտա ժողովուրդը ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG